Արցախի ճնշումնե՞րն էին Բակո Սահակյանին Երևան բերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանում  հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ, անմիջապես լուրեր տարածվեցին առ այն, որ Արցախի հարցում ճնշումների օղակն այնքան է սեղմվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են օր առաջ լուծել հակամարտությունը՝ ՀՀ-ից զիջումներ կորզելով:

Արդյո՞ք այդ ճնշումներն էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին Երեւան բերել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Որեւէ ճնշում չկա, ու ես կարծում եմ, որ չի էլ կարող լինել, որովհետեւ նույն այդ պետությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն կարող պարտադրել որեւէ որոշում: Իրենք կարող են միայն աջակցել փոխզիջումային տարբերակի ընդունմանը, մշակմանը եւ այլն:

Միակողմանի զիջում ընդհանրապես բացառված է, հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումներով, մենք դա հասկանում ենք, բայց չի կարող լինել միանշանակ զիջում, առավել եւս չի կարող լինել վերադարձ անցյալի թե՛ կարգավիճակին, թե՛ սահմանների առումով, կոնկրետ Արցախի Հանրապետության պարագայում: Սա բազմիցս պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է թե՛ նախագահի մակարդակով, թե՛  պաշտոնյաների կողմից, ու կարծում եմ, որ ողջ հայությունն է այդպես մտածում: Կարգավորման առումով որեւէ ճնշում չի կարող գործադրվել: Եթե Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, նույնիսկ այս տարբերակում էլի միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս