«Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, որ սոցիալապես անապահով երկրում ապրելու ֆոնին պարբերաբար հնչեցվում են քննադատություններ Ձեր և Ձեր տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցների, և ձեր թանկարժեք կոստյումի մասին` այսպես արձագանքեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե նախարարը միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել և այդ գումարների ծագումն անհայտ է՝ Գագիկ Խաչատրյանը նշեց. «Էդքան ձեզ հուշում եմ, վերլուծություն գնացեք արեք, թե երբ եմ ես հայտարարագրել՝ երբ որ չեմ ունեցել որեւիցե բարձր պաշտոն»:
Հավելենք, որ 2014թ. ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրի համաձայն, նախարարն ունի 5 բազմամյա տնկի, մեկ անհատական բնակելի տուն և երկու բնակարան:
Նրա դրամական միջոցները կազմում են 269 մլն դրամ և 1 մլն 970 հազար դոլար: Նախարարը մեկ տարում վաստակել է 10 մլն դրամից ավել գումար:
Նախարարի կինը` Լաուրա Եփրեմյանը, հայտարարագրել է 72 մլն դրամ և 727 հազար դոլար, իսկ աշխատանքի վարձատրության շնորհիվ էլ ստացել 1 մլն դրամից ավել գումար:
Հավելենք, որ նախարարի թանկարժեք կոստյումի և ունեցվածքի մասին հարցը խորհրդարանում առավել հաճախ բարձրաձայնում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Դրանցից մեկի ժամանակ նույնիսկ վեճ էր ծագել պատգամավորի և նախարարի միջև, երբ Փաշինյանը նշել էր, որ նախարարի կոստյումը մանկավարժի տարվա աշխատավարձն արժե: