Նկարչական օրն ունի ուսուցողական և դաստիարակչական նշանակություն. Ռալֆ Յիրիկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Բացօթյա հսկայական արվեստանոցը, որը հարյուրավոր պատանի նկարիչներ էր ժողովել Երևանից և մարզերից, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ էր իրականացվել։

Նկարչական օրը նշանավորեց Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի ավարտը: Մրցույթի թեման այս տարի «Տոհմածառ»-ն էր: Խորհրդանշական այս խորագիրը ոչ միայն սեփական արմատները գտնելու, ոգեկոչելու յուրատեսակ կոչ է, այլև հղում՝ մարդ-բնություն խորքային կապին:

«Գույնի, ստեղծագործականության, կենսուրախության, լավատեսության տոն լինելուց բացի, Նկարչական օրն ունի նաև ուսուցողական և դաստիարակչական նշանակություն: Հենց այսպիսի միջավայրում են երեխայի մեջ ավելի լավ տպավորվում բնությունը սիրելու, պահպանելու, սեփական մշակույթը և արմատները ճանաչելու, ինքնությունը պահելու ուղերձները, որոնք դրված են այս միջոցառման հիմքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում այս նախաձեռնությունը, քանի որ այն համահունչ է մեր ընկերության առաջնահերթությունների և արժեհամակարգի հետ»-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խորագրին համահունչ՝ միջոցառումը մեկտեղել էր տարբեր սերնդների ներկայացուցիչների. 5-16 տարեկաններն իրենց տոհմածառերն էին պատկերում թղթի վրա, երիտասարդ արվեստագետների մի խումբ նկարազարդում էր կենդանաբանական այգու հարակից կանգառն ու գետնանցումը, իսկ փայտե տոհմածառ-քանդակների դրվագները կտավ էին ծառայում ավագ սերնդի նկարիչների համար:

«Նկարումս փորձել եմ պատկերել գունեղ ու լուսավոր տոհմածառ, որտեղ նաև ընդգրկել եմ հեռավոր Ամերիկայում գտնվող իմ հարազատներին: Պատկերածս տոհմածառը ամուր կանգնած է իր ոտքի վրա, և ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք ապրի անհոգ ու ազատ, երջանիկ ու առողջ, սիրված և սիրով լեցուն օջախներում»,-իր նկարի մասին պատմեց 12-ամյա Սաթենիկ Մխիթարյանը:

10-ամյա Ռոստամ Աջոյանն էլ իր պատկերած տոհմածառն այլ կերպ էր իմաստավորել. «Ես նկարել եմ մի ծառ, որը շատ հաստ է ու ամուր, քանի որ եղեռնից հետո իմ տոհմը ապրում է և ստեղծագործում: Իսկ Տոհմածառի վրա նստած է թռչուն, որն ուտում է ծառի վրայի համով  պտուղները»:

Համերգային հատվածն ազգային երգ ու պարից էր կազմված, անցկացվում էին հայկական ավանդական պարի բաց դասեր:

Միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացված էին և երեխաներին կրթական ու մրցութային բազմազան ծրագրեր էին առաջարկում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկեր կառույցները՝ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, Բրիտանական խորհուրդը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնը և այլք:

Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն 2015թ. օգոստոսին: Հաղթողները կստանան մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ դեսպան դառնալով հայկական ամուր Տոհմածառի գաղափարի տարածման:

Համահայկական նկարչական մրցույթն ամենամյա նախաձեռնություն է, որը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ իրականացնում է 2008թ.-ից:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed




Լրահոս