Երևանում նվազել է ձվի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել, որտեղից տեղեկանում ենք, որ 2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, շաքարավազի, կաթնամթերքի 8.6-1.2% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 8.6-0.3% գնանկում, 5-ում՝ 0.1-3.9% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ արձանագրվել է 10.0%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ`8.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի՝ 47.5%, սմբուկի` 24.7%, լոլիկի` 17.2%, կանաչ պղպեղի՝ 16.1%, խառը կանաչեղենի` 14.0%, բողկի 8.7% գնանկումով: 2015թ. մայիսին ապրիլի համեմատ կարտոֆիլի գինը նվազել է 7.8%-ով, գլուխ սոխինը՝ 6.5%-ով, սնկինը՝ 1.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կանաչ սոխի՝ 2.8%, ճակնդեղի՝ 3.7%, սխտորի` 10.3%, կաղամբի՝ 15.2%, գազարի 25.8% գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 11.5-3.0%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.4% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 9.4%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ նվազել է 0.9%-ով, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ 4.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ ձվի գինը նվազել է 7.3-0.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 5.4%-ով:




Լրահոս