2015 թվականի հունիսի 10-21-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում տեղի կունենա շախմատի «Ալյոխինի անվան հուշամրցաշարի» «Fide open» միջազգային մրցաշարը: Մրցաշարին Հայաստանից կմասնակցեն «Նարվա» շախմատի դպրոցի սաներ Ստեփանակերտից 11-ամյա Ալեքս Գևորգյանը և Երևանից Լևոն Ավետիսյանը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի հիմնադիր-նախագահ Նարեկ Վարազդատյանը:
Գլխավոր մարզիչը հավաստիացնում է, որ մրցաշարին մեկնում են հաղթողի հոգեբանությամբ: «Կձգտենք հնարավորինս հաջող հանդես գալ ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Բազմաթիվ մրցաշարերից մեր սաները պարբերաբար հրավերներ են ստանում: Ֆինանսական խնդիրների պատճառով քչերին ենք կարողանում մասնակցել»,- ասաց դպրոցի հիմնադիր-տնօրենը: Նշենք, որ այս անգամ նրանց աջակցում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվը 150 է: Մրցաշարին կներկայանան հետևյալ երկրների շախմատիստները՝ Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Եգիպտոս, Ադրբեջան, Հոլանդիա, Մոնղոլիա, Զամբիա, Հնդկաստան, Իսրայել, Բելառուս: Այս մրցաշարում տարիքային սահմանափակում չկա, մրցելու են ընդհանուր խմբերով: