Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ գրասենյակի ծախսերը համարվել են չթույլատրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը 2013-2014 թվականների ընթացքում, Համաշխարհային բանկի կողմից հատկացված միջոցներով գյուղտեխնիկայի մատակարարման 7 պայմանագիր է կնքել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամի՝ «ՓՄՁ ԶԱԿ»-ի հետ: Սակայն Համաշխարհային բանկը ԾԻԳ-ի եւ «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա մատակարարված գյուղտեխնիկայի դիմաց վճարված 145 հազար 205 դոլարը համարել է չթույլատրված ծախս եւ պահանջել է վերադարձնել այդ գումարը:

«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի պետ Գագիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը կոնկրետ ինչ ծրագրեր է իրականացնում ՀՀ գյուղերում:

-Մենք ՀՀ համայնքներում ստեղծում ենք կոոպերատիվներ, որտեղ տեղավորվում են այն ֆերմերային տնտեսությունները, որոնք զբաղվում են անասնապահությամբ: Այսօր գյուղերում արոտավայրերը լիարժեք չեն օգտագործում: Մենք ունենք 2-3 հազար հա արոտավայր, որոնք խմելու ջուր չունենալու պատճառով չեն օգտագործվում: Սա նույնպես ընդգրկում ենք ծրագրի մեջ եւ լուծում ենք այդ խնդիրը:

Երկրորդ հարցը դա ձմեռվա սեզոնին անասնակերի անհրաժեշտ քանակի կուտակումն է, ինչի համար էլ պետք է գյուղտեխնիկա՝ տրակտոր, հակավորող սարք, խոտհնձիչ եւ այլն: Մենք դիտարկում ենք նաեւ այս խնդիրը, եւ եթե հիմնավորված են այդ պահանջները կոոպերատիվի համար լուծում ենք: Այս դեպքում, իհարկե, կոոպերատիվի անդամները նույնպես իրենց ներդրումն ունեն եւ 50 տոկոս համաֆինասնավորում են անում:

-Ինչպե՞ս եք ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկան:

-Մրցույթի միջոցով եւ ով էժան գին է առաջարկում, նրանից էլ այն գնում ենք: Ծրագիրը 2011 թվականից իրականացվում է: Դեռեւս 2013 թվականին ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային հիմնադրամը՝ «ՓՄՁ ԶԱԿ»-ը սկսեց գյուղացիական տեխնիկա ներմուծել: Դա այն ժամանակ էր, երբ հանրապետության նախագահը աշխատանքային այցով Բելառուսում էր, որտեղ միջպետական համաձայնագիր կնքվեց: Դրանով ՀՀ-ին հնարավորություն տրվեց ցածր գնով տեխնիկա ներմուծել: Եւ «ՓՄՁ ԶԱԿ»-ը ներմուծեց այդ տեխնիկան, մասնակցեց մեր կողմից հայտարարված մրցույթին եւ հաղթեց:

-Բայց Համաշխարհային բանկը գյուղտեխնիկայի դիմաց վճարված 145 հազար 205 դոլարը համարել է չթույլատրված ծախս եւ պահանջել է հետ վերադարձնել այն: Այս ծախսերի մասին Համաշխարհային բանկը գյուղտեխնիկան ձեռք բերելուց հետո՞ է տեղեկացել:

-Համաշխարհային բանկը իրենց վերահսկողական առաքելության ժամանակ պարզեց, որ «ՓՄՁ ԶԱԿ»-ը ինչ-որ օժանդակություն է ստանում Կառավարությունից, եւ մենք իրավունք չունեինք իրենցից գնել: Հետո պարզվեց, որ այդ գումարը՝ 145 հազար 205 դոլարը, Կառավարությունը պետք է փոխանցի Համաշխարհային բանկին, բայց բանակցությունների արդյունքում հասան նրան, որ Կառավարությունը այն կհատկացնի ԾԻԳ-ին: Այսինքն՝ մենք այդ գումարով կշարունակենք գյուղերի կոոպերատիվների համար տեխնիկա ձեռք բերել, նաեւ կլուծենք արոտավայրերի ջրարբիացման խնդիրները:

-Պարո՛ն Խաչատրյան, գյուղտեխնիկայի ձեռքբերումը չթույլատրված ծախս համարելու հարցում Համաշխարհային բանկը կոնկրետ ի՞նչ է պատճառաբանել:

-Իրենց կանոնադրությունը վերցրեցին, ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ իրենց ընթացակարգերին դա հակասում է: Այսինքն՝ եթե կազմակերպությունը պետական աջակցություն է ստանում, ապա նա իրավունք չունի մասնակցելու նման մրցույթների: Դա առեւտրային օրենքներով չի առաջնորդվում: Պետական աջակցություն ունեցող ընկերություններն առավելություն ունեն մյուս բոլոր առեւտրային մատակարար կազմակերպությւոնների համեմատ, ինչի հետեւանքով մրցակցություն չի ապահովվում:

– Բացի «ՓՄՁ ԶԱԿ»-ից՝ մրցույթին այլ ընկերություններ մասնակցե՞լ են:

-Շատ կազմակերպություններ են մասնակցել, բայց հաղթող ճանաչվեց «ՓՄՁ ԶԱԿ»-ը:

-Այդ դեպքում ինչո՞ւ ընտրվեց հենց «ՓՄՁ ԶԱԿ»-ը:

-Իրենք էժան գին են առաջարկել: Նշեմ, որ ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել 55 համայնքում, բայց արվել է 81-ում:

-Խնդրում եմ նշեք նաեւ այն գյուղերի անունները, որոնք օգտվել են այս ծրագրից:

-Շիրակի մարզից 16 գյուղ օգտվեց, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի գյուղերը նույնպես: Բոլոր այն 81 համայնքները, որոնց կոոպերատիվների գյուղտեխնիկայի հարցն ենք լուծել, կարգավորել նաեւ արոտավայրերի ջրարբիացման խնդիրը:

-Պարո՛ն Խաչատրյան, գյուղացին քանի՞ անասուն պետք է ունենա, որպեսզի դառնա կոոպերատիվի անդամ:

-Մեկ անասուն էլ ունենա, կարող է դառնալ կոոպերատիվի անդամ: Ի դեպ, գյուղացիները բավականին դրական արձագանքեցին կոոպերատիվների ստեղծմանը:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս