ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, որի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։
Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները։