«Դաշտն ազատ չէ Արթուր Բաղդասարյանի համար, որովհետև դաշտը ժողովուրդն է, իսկ ժողովրդի մոտ իր վարկանիշն ահավոր ցածր է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրենց պահանջներով միշտ տարբերվել են, ավելին՝ Հարությունյանը վստահ է, որ ՕԵԿ-ին իշխանություններն են ընդդիմություն «սարքել»:

-Պարո՛ն Հարությունյան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ինչպե՞ս է վերաբերում միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու ՕԵԿ-ի կոչերին: Այդ կուսակցությունը որոշել է քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների շարք սկսել, Դուք մասնակցելո՞ւ եք դրանց:

-Ժամանակին Լուկրեցիոսն ասել է, որ ոչնչից անգամ աստվածների կամքով ոչինչ չի ստեղծվում: Հետեւաբար դա բացառվում է, ու համոզված եմ, որ դա արհեստական ստեղծված կառույց է, ուղղակի քանի որ իշխանություններին հաջողվեց հակասահմանադրական ճանապարհով, ճնշումների միջոցով համաժողովրդական շարժումը թուլացնել, իրենք փորձում են ստեղծել երկրորդ, այսպես ասած, իրենց «ժորիկը», որպեսզի կարողանան իրենց համար ցանկալի արդյունքի հասնել: Իրենք փորձում են այնպես անել, որ այդ ուժն իրենց համար դառնա կառավարելի ընդդիմություն: Մենք տեսնում ենք, որ այսօր դաշտում տարբեր ճանապարհներով փորձում են ապրանք ստեղծել, իսկ այդ առումով կարելի է ասել, որ Արթուր Բաղդասարյանն իշխանությունների պրոյեկտն է, ու համոզված եմ, որ ինքը հաջողության չի հասնի: Արթուր Բաղդասարյանը չի կարող բացատրել, թե երբ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել էր, այդ ինչպես եղավ, որ ինքը հանկարծ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո փորձեց միանգամից տեղավորվել ընդդիմադիր դաշտում: Համենայնդեպս, դաշտն ազատ չի Արթուր Բաղդասարյանի համար, որովհետեւ դաշտը դա ժողովուրդն է, իսկ ժողովրդի մոտ իր վարկանիշն ահավոր ցածր է: Եթե իրենց թվում է, թե իրենք հեռուստաընկերություն ունեն, իրենց պատգամավորներն էլ ինչ-որ բեմադրություններ են ցուցադրում, դրանով հաջողության կհասնեն, ապա սխալվում են, դա ոչ մի բան չի նշանակում:

-ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս բազմիցս սեղմել է Սերժ Սարգսյանի ձեռքը, սակայն դրանից հետո Ծառուկյանը եւս նույն կերպ հեռացավ Ս. Սարգսյանից եւ «դարձավ» ընդդիմադիր: Ինչո՞ւ էիք Գագիկ Ծառուկյանի կողքին, երբ վերջինս հայտարարեց իշխանափոխության մասին, սակայն ճանապարհի կեսից ժողովրդին մենակ թողեց: Ինչո՞վ են Գ. Ծառուկյանն ու Ա. Բաղդասարյանը միմյանցից տարբերվում:

-Դա եղել է համաժողովրդական շարժում, տարբեր ուժեր էին, ու ես ասել եմ, որ տարբեր առիթներով ես քննադատել եմ ե՛ւ Գագիկ Ծառուկյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խնդիրն այն է, որ այն ժամանակ իրենք… համենայնդեպս, այդ ժամանակ իրենց մղումներն ազնիվ էին, ու մենք որեւէ մեկի կողքը չէինք կանգնում: Այն ժամանակ կար իշխանափոխության խնդիր, իսկ հիմա Արթուր Բաղդասարյանը իշխանափոխության խնդիր չի դնում, ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Իսկ համաժողովրդական հիմնական ուժերը ու նաեւ մենք նախագահի հրաժարական ենք պահանջել: Մեր կուսակցությունը գնում է մեր գծով, մենք մի քանի տարի է՝ Բաղրամյան 26-ի մոտ ենք, դուռը ծեծում ենք, ասում ենք՝ հեռացի, հիմա համաժողովրդական շարժումը մեզ հետ էր, բայց ճանապարհի կեսից չեկավ՝ փետրվարյան դեպքերից հետո: Բայց Արթուր Բաղդասարյանի թեման փակված է մեզ համար, որովհետեւ Ա. Բաղդասարյանն այն դեպքն է, որ նրա հետ հնարավոր չի:

-Բայց գուցե այս անգամ Արթուր Բաղդասարյանի մղումներն ազնիվ են, ու քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդին չհաջողվեց համաժողովրդական շարժումը Բաղրամյան 26 «հասցնել», գուցե՞ դա անի Արթուր Բաղդասարյանը: Ինչո՞ւ եք բացառում:

-Ինձ համար պարզ է դառնում ամեն ինչ, երբ մարդը կոնկրետ իրադարձության վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում է հայտնում: Փետրվարյան դեպքերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը փախած վիճակում էր, ինքը դիրքորոշում չհայտնեց, կուսակցականներն էլ տարբեր բաներ ասեցին. մանեւրում էին, բայց նույնպես այդպես էլ դիրքորոշում չհայտնեցին: Ուղղակի հիմա իրենք մտածում են, թե դաշտն ազատ է, բայց դաշտն ազատ չի, դաշտը նույնիսկ շատ խիտ է: Եվ այդտեղ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի, հիմա կարողա հավաքեն, ինչ-որ մի հատ համագումար անեն, իրենց հեռուստաընկերությամբ ելույթներ ունենան, ցույց տան դա, բայց դա…այսինքն՝ ասելու բան չկա, ժողովուրդն իր աչքով է տեսել նրանց գործունեությունը: Հիմնականում գիտեք՝ ինչու Արթուր Բաղդասարյանին գործուղեցին ընդդիմադիր դաշտ, որովհետեւ պետք էր քննադատել Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, իսկ դաշտում քննադատող չկար: Եվ հիմա ՕԵԿ-ի վրա նոր դերակատարություն է դրված, այն այժմ դառնալու է Սերժ Սարգսյանի ընդդիմությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս