ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե մեկ տարի է, ինչ ՀՀ ոստիկանությունը Երեւանում տեղադրել է արագաչափ եւ տեսանկարահանող սարքավորումներ իբր երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու եւ կանոնակարգելու նպատակով: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ աստիճանաբար ընդգրկում ողջ հանրապետությունը: Թեեւ նման համակարգերի ներդրումը սովորաբար ունենում է դրական նշանակություն ու միտված է լինում երթեւեկության կարգավորմանը, այսուհանդերձ, մեզ մոտ այն իր նպատակին ծառայում է մասամբ:
ՀՀ ոստիկանության 2011թ. տարեկան հաշվետվության մեջ հիշատակվում է, որ արագության վերահսկման ավտոմատ համակարգերի (արագաչափերի, տեսախցիկների-Ն. Հ.) ներդրման համար մշակվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք, կայացել է մրցույթ, եւ հաղթող կազմակերպության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Հարցին, թե ինչպես է կազմակերպվել այդ մրցույթը, արդյոք նախապես հայտարարվել է այդ մասին, քանի կազմակերպություն է մասնակցել, եւ կոնկրետ որն է հաղթել, ճանապարհային ոստիկանությունից ստացանք հետեւյալ պարզաբանումը. մրցույթը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված բաց ընթացակարգով, դրա անցկացման մասին հայտարարությունն արվել է գնումների ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթի 2011թ. մայիսի 25-ի համարում, իսկ հաղթող է ճանաչվել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն: ՃՈ-ն, սակայն, չի անդրադարձել հարցի մյուս կողմին, թե ինչ չափանիշներ ու առանձնահատկություններ են հաշվի առնվել հենց այդ կազմակերպությանը հաղթող ճանաչելու համար: Այս դեպքում ՃՈ-ն հայտնում է, թե հաղթած ընկերությունը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր ու գնային շահավետ առաջարկ, բայց դրանց շուրջ որեւէ մանրամասն մեկնաբանություն չի տալիս:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի բարեփոխումների համատեքստում ոստիկանությունը ներկայացնում է հետեւյալ պատկերը. Երեւան քաղաքի մայրուղիներում տեղադրվել են 15 արագաչափեր, իսկ 10 խաչմերուկներում՝ 40 դիտարկման տեսախցիկներ: Վերջերս շատերն են դժգոհում ՃՈ-ի կողմից ուղարկված տուգանքներից: Անշուշտ, արագաչափերի ու տեսախցիկների միջոցով խախտումների արձանագրումն անհամեմատ քաղաքակիրթ եւ տանելի երեւույթ է, քան ճանապարհային ոստիկանի հետ «փողոցային առեւտուրը»: Սակայն այս եղանակը հաճախ կիրառվում է որպես պետբյուջեն կամ ինչ-ինչ անհատների գրպանները լցնելու հրաշալի միջոց: Բավական է հիշել Ռուբինյանց փողոցում գտնվող արագաչափի շուրջ ծավալված աղմուկը, երբ արագաչափի մասին տեղեկացնող նշանը տեղադրողները հմտորեն թաքցրել էին ծառի սաղարթի տակ՝ տուգանքների հսկա ալիք սփռելով շուրջբոլորը: Բողոքների ծավալն այնքան մեծ էր, որ տուգանքները հարկադրված չեղյալ հայտարարվեցին, իսկ նշանը տեղադրվեց տեսանելի վայրում:
Վերջին շրջանում հաճախակիացել են իբր արգելված վայրերում կայանելու համար տուգանումները: Ըստ ՃՈ-ի՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում դրված կանգառն արգելող նշանն ազդեցիկ է մինչեւ Խ. Աբովյանի արձանն ընկած ճանապարհի ողջ երկայնքով: Այդտեղ ամեն օր կանգնում են հարյուրավոր մեքենաներ՝ ուսանողներ, դասախոսներ, հարակից կառույցներում աշխատող քաղաքացիներ եւ այլն: Ի վերջո, երբ ուսանողը եւ դասախոսը գալիս են համալսարան, քաղաքացին՝ իր աշխատատեղ կամ բնակարան, որտե՞ղ կանգնեցնեն իրենց մեքենան: Գաղտնիք չէ, որ Երեւանը խիստ ծանրաբեռնված է ավտոմեքենաներով, ուստի եթե երթեւեկության թեթեւացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, առնվազն չարամտություն է կանգառն արգելել նման բանուկ փողոցում:
ՃՈ-ից պարզաբանում են, որ կանգառն արգելող ճանապարհային նշանի նպատակն է ապահովել բարձր ինտենսիվությամբ Աբովյան փողոցի անհրաժեշտ թողունակությունը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների անարգել երթեւեկությունը, քանի որ շատ դեպքերում ուսումնական հաստատություններ հաճախող ուսանողների մեքենաների անկանոն կանգառն ու կայանումը բացասաբար են անդրադառնում ընդհանուր երթեւեկության վրա: Վերջապես օրենքը գործեց եւ լուծեց խցանումների խնդիրը: ՃՈ-ի փայլուն քաղաքականության արդյունքում Աբովյան փողոցի տվյալ հատվածում այլեւս խցանումներ չեն առաջանա: Բայց, ավա՜ղ, այս քայլն էլ կարծես արդյունավետ չէ: Ցայսօր նշյալ տեղում շարունակում են կանգնել հարյուրավոր մեքենաներ՝ փաստացի օրենքը զանց առնելով եւ խցանումներ ստեղծելով: Ըստ էության, իշխանությունների համար ջանադիր աշխատելու փոխարեն ավելի գերադասելի է քաղաքացուն 5000 դրամ հանիրավի ու անհեթեթ տուգանելը, դրանով բյուջեն լցնելը, տնտեսական փուչիկ աճ ցույց տալը, ՀՆԱ-ի «աննախադեպ» վերելքի իմիտացիա անելը եւ այս ամենը ի շահ նույն այդ քաղաքացու ներկայացնելը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս