ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է “Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի” թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։
ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարում է աշխատանքի մրցույթ՝ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012 թ. նոյեմբերի 25-ը լրացնել դիմում-հայտ (բեռնել www.mes.am կայքից) և ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն՝ ք. Երևան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 010 31-77-31) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում կընտրվեն այն հայտերը, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին: Երկրորդ փուլի համար ընտրված հայտերի հիման վրա մրցույթին դիմած քաղաքացիները կհրավիրվեն բանավոր հարցազրույցի: Երրորդ փուլ անցնելու դեպքում մասնակիցները կհանձնեն ստուգարք՝ համակարգչային գիտելիքների և լեզուների իմացության աստիճանը բացահայտելու և ըստ անհրաժեշտության ուսումնական (վերապատրաստման) խմբերի բաշխելու նպատակով: