ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ Է ՀԷՑ-Ը ՀՈՍԱՆՔԸ «ԳՈՂԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած, սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտի համաձայն՝ առաջիկա տարում այդ ընկերության կորուստները պետք է կազմեն 818 մլն 780 հազ. կՎտ: Բազմիցս հայտարարվել է, որ ՀԷՑ-ը կորուստների թիվն արհեստական ուռճացնում է, եւ իրականում կորուստների անվան տակ տեղի է ունենում էլէներգիայի գողություն: Բայց ընկերության կրած «վնասների» համար վճարում է սպառողը:

Ու եթե մինչ այս անհասկանալի էր, թե ՀԷՑ-ը կոնկրետ ինչպես է «տակով անում» էլէներգիան, ապա փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից մեզ տրամադրած նյութերը մանրամասն բացատրում են դրա եղանակներից մեկը: Փաստաբանի վստահորդներից մեկի՝ Էրեբունի թաղամասի Այգետարածք 4-րդ զանգվածի բնակիչ Հեղինե Մովսեսյանի պատմությունը կոնկրետ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «անհետանում» էլէներգիան:
Պարզվում է, որ Էրեբունու Այգետարածք կոչվող թաղամասի բնակչության առնվազն գերակշռող մեծամասնության էլէներգիան մատակարվում է առանց պայմանագրերի, եւ գանձումներն էլ իրականացվում են կանխիկով: ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարել է, որ այն ենթակայանը, որտեղից իրականացվում է նշված թաղամասի էլէներգիայի մատակարարումը, իրենը չէ, այլ պատկանում է «Բազալտ» այգեգործական ընկերությանը: Փաստաբան Վահե Հովհաննիսյանը փորձել է այս ընկերության մասին որեւէ տեղեկություն պարզել, բայց ապարդյուն: Առավել հավանական է, որ պաշտոնապես գործունեություն ծավալող նման ընկերություն գոյություն չունի, եւ «Բազալտ»-ի միակ առաքելությունը որպես ենթակայանի սեփականատեր հանդես գալն է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ՀԷՑ-ից բացի Հայաստանում գոյություն ունի որեւէ ընկերություն, որը վերջնական սպառողին էլէներգիա մատակարարելու լիցենզիա ունի եւ նման ծառայություն է մատուցում: ՀԾԿՀ-ից պատասխանեցին, որ էլէներգիայի վաճառքի ծառայությունը ՀԷՑ-ի բացառիկ եւ բնական մենաշնորհն է: Այլ կերպ ասած՝ օրենսդրության տեսանկյունից ՀԷՑ-ից բացի չի կարող լինել որեւէ այլ ընկերություն, որը իրավունք ունի վերջնական սպառողին էլէնեգիա մատակարարել:
Ի դեպ, եթե թաղամասի բնակիչները հրաժարվեն առանց պայմանագրի եւ կանխիկով հոսանք սպառելուց, ապա նրանց կսպառնար Հեղինե Մովսեսյանի օրինակը: Վերջինիս տունն արդեն մեկ տարուց ավել է՝ հոսանքազրկված է, եւ օրինական, պայմանագրով էլէներգիա ունենալու բոլոր փորձերն անցել են ապարդյուն:
Մի խոսքով, թվում է, թե այս պատմությունը չէր կարող դատարանների եւ իրավապահների կողմից անտեսվել: Սակայն փաստն այն է, որ դատական երկու ատյաններ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններն այս պատմության մեջ անօրինական ոչինչ չեն տեսել: Խնդրի մասին տեղեկացվել է նաեւ ոստիկանությունը, կրկին անարդյունք: Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչներին չի հետաքրքրել այն փաստը, որ ինչ-որ անհատ սպառողներին առանց պայմանագրի էլէներգիա է մատակարարում եւ դրա դիմաց կանխիկով գանձումներ կատարում: Ոստիկանները սրանում հանցակազմ չեն տեսել: Իսկ հետաքրքիր է՝ էլէներգիայի գողությունն էլ ինչպես կարող է տեղի ունենալ:
Վահե Հովսեփյանը ոստիկանության հետաքննիչի գործողությունները դատախազությունում բողոքարկել է, բայց կրկին ապարդյուն: Մի խոսքով, համատեղ ջանքերով բոլորը փորձում են այս պատմությունը «թաղեն», գնա: Ավելին՝ այն ջրի երես դուրս չէր էլ գա, եթե 2014-ի տարեսկզբին բնակիչը եւ նրա ինքնակոչ «էլէկտրիկը» չվիճեին:
Սակայն ամենակարեւոր հարցն այստեղ այն է, թե Հայաստանում քանի՞ նման թաղամաս գոյություն ունի, որտեղ էլէներգիայի դիմաց կանխիկով են վճարում, քանի՞ ձեռնարկություն է նման ձեւով վճարում իր սպառած հոսանքի դիմաց:
Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե ՀԷՑ-ի հայտարարագրած կորուստներից որքանն է իրական, որքանը` կեղծ: Մենք կարող ենք միայն մոտավոր պատկերացում կազմել: Մասնավորապես, միջազգային փորձը վկայում է, որ էլէներգիայի կորուստը չի կարող գերազանցել 7 տոկոսը: ՀԷՑ-ի դեպքում ստացվում է, որ նրանց կողմից հայտարարած կորուստներից 372 մլն 658 հազար կՎտ-ը արհեստական է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ էլէներգիան իրականում կանխիկ դրամով եւ առանց ձեւակերպման վաճառվել է, ապա ստացվում է, որ միայն այս ճանապարհով ինչ-որ մարդիկ տարեկան շուրջ 15 միլիարդ դրամ կամ ավելի քան 30 միլիոն դոլար գումար են գրպանում, բայց ցանկանում են, որ դրա դիմաց վճարի օրինապահ սպառողը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՄԻ ՀԱՏ ԷԼ ԳՅԱՋ
Երեկ ԱԺ-ում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց 2014-ին իրենց ֆինանսական հաշվետվությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հորդորեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Նազարյանին հարցեր չուղղել: «Մի քանի օրից խորհրդարանական լսումներ են, այդ ժամանակ հարցեր կուղղեք»,- ասաց Այվազյանը: Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խնդրեց գոնե բացատրել, թե ինչու է ՀԷՑ-ը հայտում գրել, թե 3.6 մլրդ-ի ցեմենտ են գնել, հետո էլ ավելացրել սարքավորումներ, սարքեր: «Երբ սկսեցինք քննարկումը, պարզ եւ տրամաբանական հարց տվեցի ես պարոն Բիբինի ներկայացուցիչներին, ասացի՝ 3 մլրդ 600 մլն-ի ցեմենտի հայտ ես ներկայացրել, եթե դու 1 տարվա ընթացքում այդքան ցեմենտ ես օգտագործել, հիմնավորումները բեր, ներկայացրու: Խառնվեցին իրար, գնացին, ասեցին՝ հայտը հետ ենք կանչում, պիտի փոխենք դա: Ես էլ ասեցի՝ հայտը տեղադրված է կայքում, փոխելու հնարավորություն էլ ձեզ չենք տա: Իրանք վերցրեցին, տենց մի հատ նամակ գրեցին, որ այդ 3.6 մլրդ-ը ոչ թե մենակ ցեմենտ է, այլ սարքեր, սարքավորումներ»,-բացատրեց Նազարյանը: Արամ Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու ՀԾԿՀ-ն գազի գնի իջեցում չի նախաձեռնում, քանի որ ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանին գազը ոչ թե 189, այլ 165 դոլարով է վաճառվելու: Սակայն Նազարյանը հայտարարեց, որ իրենց մոտ եղած պայմանագրով գազի գինը 189 դոլար է, իսկ նոր գնով փաստաթուղթ իրենց չի ներկայացվել: «Ես չունեմ այլ երկրորդ պայմանագիր»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

 

ՀԱՑ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար- ապրիլ ամիսներին հացի արտադրության ծավալը կազմել է 96 հազար 300 տոննա: Անցած տարվա նույն ժամանակահատվածում հացի արտադրությունը կազմել է 98 հազար 100 տոննա: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում հացի արտադրության ծավալները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են 1.8 տոկոսով: Հացի սպառման անկումը ենթադրում է սպառողների թվի նվազում: Կապ չունի՝ մարդը գնողունակ է, թե ոչ, միակ բանը, որ նա մշտապես սպառում է, հացն է: Ուստի ստացվում է, որ վերջին մեկ տարում հացի սպառողների թիվը նվազել է մոտ 54 հազարով:

 

ԵՎՍ ՄԵԿԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործով ընկերության եւս մեկ աշխատակից է կալանավորվել: Մայիսի 26-ին գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունը ԶՊՄԿ-ից դիզվառելիքի գողության դեպք էր բացահայտել: Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՐ
Օրերս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Զեպ Բլատերը այս կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալի արդյունքում հրաժարական է տվել: «Ես երկար տարիներ կապված էի ՖԻՖԱ-ին եւ այս գեղեցիկ սպորտաձեւին: Ես ուզում եմ ամեն լավ բան անել ՖԻՖԱ-ի եւ ֆուտբոլի համար, այդ պատճառով որոշեցի նորից առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում՝ մտածելով, որ դա լավագույն ելքն է: Սակայն ոչ բոլորը լավ ընդունեցին այդ փաստը: Ես կհրավիրեմ արտահերթ ընտրություն, որի ժամանակ կընտրվի ՖԻՖԱ-ի նոր նախագահ»,-ասել է Բլատերը:

 

ՕՐՐԱՆ ԵՆՔ, ՓԱՍՏՈՐԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին: Սարգսյանն ընդգծել է, որ Չեխիայի ՍԴ նախագահի այցը օգտակար է Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, քանի որ յուրաքանչյուր երկրի փորձ, եւ հատկապես եվրոպական երկրի, Հայաստանի համար կարեւոր է: Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, եւ Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը:

 

ՏԽՈՒՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի մոտ «Նաիրի» ԲԿ-ում քաղցկեղ է ախտորոշվել: Armlur.am-ի հետ զրույցում բարերարի հարազատները հայտնել են, որ Վահագն Հովնանյանն արդեն տանն է: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ջրային տնտեսության ոլորտում խոշոր բարեփոխումներ են սպասվում: 2016-ին նախատեսվում է ընտրել միասնական կառավարիչ ողջ համակարգի համար եւ համահարթեցնել սակագինը: Բարեփոխումների իրականացման համար մշակվել է ռազմավարություն, որի քննարկումները դեռեւս ընթանում են: ՀՀ ԳՆ ՋՏՊ կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հայտնել է, որ նոր ռազմավարությամբ իրականացվելու է մեկ օպերատորի քաղաքականություն եւ գործելու է միասնական սակագին:

 

ԴԵՌ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՆՔ
ՀՀ-ում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի գնահատմամբ` Հայաստանի տնտեսությունն ավելի շատ մրցակցության, ավելի շատ դերակատարների, խաղի կանոնների պահպանման եւ արդար դատական համակարգի կարիք ունի:
«Այս ամենն աշխատում է այլ երկրներում եւ չի աշխատում Հայաստանում: Պետք է կյանքի կոչել օրենքը, փոխել մտածելակերպը: Փոփոխություններ տեղի ունենում են, եթե հայացք նետենք 10-20 տարի առաջ, ապա այժմ ավելի լավ վիճակում ենք, սակայն դեռ ցածր ենք այն մակարդակից, որտեղ Հայաստանը կարող է լինել», – կարծում է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ մահացել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն, «Արվասար» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը: Armlur.am-ի հետ զրույցում «Արվասար» համալիրի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը նշել է, որ Ռադիկ Սարգսյանը ոտքի անոթների թրոմբ է ունեցել:




Լրահոս