ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել 3 տարի առաջ կատարված սպանությունը, սակայն ոչինչ չի արել:
Նրա խոսքով՝ Ալիկ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Գեւորգ Մհերյանի սպանությանը, ասել է, թե երբ կային կասկածներ՝ Գրիգոր Իգիթյանի հետ կապված, երկու ժամ հետո նրան բերման են ենթարկել: «Եթե կային կասկածներ, ու դու կասկածում էիր, բա հնարավո՞ր չէր այդ քո կասկածների մասին ի սկզբանե Գեւորգին տեղյակ պահեիր, որ այս մարդը կարող է այս քայլին գնալ: Ավելին, Գրիգոր Իգիթյանը մինչեւ սպանությունը խարդախության հոդվածով արդեն պետք է կալանավորված լիներ, որովհետեւ դեկտեմբերի 26-ին նրա վճիռը կայացված էր, եւ դատարանի դահլիճից պետք է ձերբակալված լիներ, բայց չէին ձերբակալել: Սա ես ինչպե՞ս հասկանամ»,-ավելացրել էր Գեւորգ Մհերյանը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից:
-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Պետրոս Մհերյանի այս հայտարարությունը:
-Ի՞նչը կանխեի: Եթե տենց մարդ կա, որ անտեսանելի, անհասկանալի անկանխատեսելի բանը կարող է կանխել, գտե՛ք այդ մարդուն, թող բոլոր ինքնասպանությունները կանխի: Եթե տենց բան իմ մտքով անցներ, որ նրան վտանգ է սպառնում, իհարկե կկանխեի, ինչի՞ մասին է խոսքը:
-Բայց հայրը վստահեցնում է, որ հենց Դուք կարող էիք:
-Անհեթեթ խոսակցություն է: Չեմ ուզում իմանալ, թե ինչ կարող էր ասել իր հայրը, եթե անգամ նման բան է ասել: Ո՞նց կարող էի ես իմանալ: Իհարկե, ճիշտ է ասում, եթե իմանայի՝ կկանխեի, բայց ո՞նց իմանայի:
-Հայրը բերում է հիմնավորում` անդրադառնալով Ձեր հարցազրույցներից մեկին, որում նշել եք, թե կասկածներ ունեք՝ Գրիգոր Իգիթյանի հետ կապված: Սա ինչպե՞ս կբացատրեք:
-Դե պատմություն էր եղել իրանց մեջ, բայց դա այնպես չէ, որ պետք է կասկածեինք: Իհարկե, քրեական գործ կար հարուցված՝ իրանց հարաբերությունների հետ կապված: Կասկածի հիմքն ընդամենը դա է եղել, թե չէ կասկածներ որտեղի՞ց պետք է ես ունենայի:
-Պետրոս Մհերյանը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 26-ին Իգիթյանի վճիռը կայացված էր, եւ դատարանի դահլիճից պետք է ձերբակալված լիներ, բայց չէին ձերբակալել: «Սա ես ինչպե՞ս հասկանամ»,-նշել է հայրը: Ինչպե՞ս կբացատրեք:
-Այդ առումով ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ Իգիթյանի խարդախությունների այդ գործով ես չեմ զբաղվել: Չգիտեմ, տեղյակ չեմ: Դա մինչեւ ոստիկանության հետ տեղի ունեցած դեպքը եղել է դատախազությունում կամ չգիտեմ որտեղ, չեմ հիշում:
-Ի վերջո, այս գործը կբացահայտվի՞:
-Իմ հնարավորությունների սահմանում ես ամեն ինչ արել եմ, որպես իմ տեղակալի, նույնիսկ առաջին ամիսներին ինձ համար կյանքի նպատակ էր դարձել, որ բացահայտվի: Հիմա որ չի բացահայտվել, ես ի՞նչ անեմ: Հիմա գործն ընթացքի մեջ է, եւ շատ բաներ են եղել, որ տարիներ հետո են բացահայտվել:
-Այսինքն՝ հույս ունեք, որ տարիներ հետո կբացահայտվի՞:
-Իհարկե բացահայտվելու է, այսպիսի սպանությունը չի կարող չբացահայտված մնալ:
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ