«ՊԵՏՔ Է ԱՅՍՕՐՎԱ ԱՌՆԵՏՆԵՐԻՑ ԼԻՆԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զրույցի առաջին մասում երգչուհի-դերասանուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց, որ չէր արտագաղթել Հայաստանից, պարզապես մեկնել էր Ֆրանսիա` հանգստանալու: Բայց եւ չհերքեց, որ Հայաստանում չի կարողանում իրագործել իր նախագծերը, քանի որ գրեթե բոլոր հեռուստաընկերություններում «իրենց մարդիկ են»:
-Նման  վիրավորական վերաբերմունքը  չի՞ դրդում Ձեզ հրաժարվել մասնագիտությունից եւ, օրինակ, բիզնեսով զբաղվել:
-Ես բիզնես էլ եմ արել, սրճարան ենք ունեցել, հիմա էլ մաֆակումբ ունեմ: Բայց ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, չեմ ուզում փոխել մասնագիտությունս:
-Մասնագիտությամբ դերասանուհի եք, բայց Ձեզ երբեւէ չենք տեսել եւ ոչ մի ֆիլմում, սերիալում նկարահանվելիս:
-Դե էնպես է, որ այդտեղ էլ չեն հրավիրում: Ամեն տեղ մոնոպոլիա է, իրենց մաֆիան, իրենց մարդիկ: Էնպես չէ, որ ինձ հրավիրեն, ես չգնամ, երբեք չի եղել: Ամեն ալիքում էլ իրենց մարդիկ են, իրենց որոշումը: Էնպես էլ չէ, որ ես շատ ուզում եմ, ինձ չեն կանչում: Այդ սերիալներն էլ ժամանակավոր երեւույթ են, լավ է, դերասանները փող են աշխատում: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել եմ Սունդուկյան թատրոնում, հետո Հ. Պարոնյանի անվան, ապա «Ոզնիներ» թատրոնում, դա վերջին թատրոնն էր, որտեղ ես աշխատեցի: Ուղեղումս կա թատրոնում աշխատելու գաղափարը, դա իմն է: Ես ինձ համարում եմ թատրոնի մարդ:
-Ձեզ ավելի հարմար եք զգում որպես դերասանուհի՞, թե՞ երգչուհի:
-Իհարկե դերասանուհի, սիրում եմ, երբ ամեն մեկին իր անունով են կոչում: Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ, ոչ երգչուհի: Այլ բան է, որ ինձ որպես երգչուհի են ճանաչում:
-Դուք հիմա միայն «Ջոս» ակումբո՞ւմ եք աշխատում:
-Հիմա միայն այնտեղ: 2006 թվականից ակումբներում չէի երգել, կարոտել էի: Ֆրանսիայից էլ որ եկա, եղբայրս` Սամվելը, առաջարկեց, ես էլ գնացի: Մտածեցի՝ մի շաբաթ կերգեմ, չեմ ուզի՝ չեմ գնա, բայց հասկացա, որ չեղածի համար էլի բան ա: Հիմա չկան շատ համերգներ, ակումբում էլի բեմ է, հետո էլ քո կոլեգաների հետ ես շփվում, ինչը վերջին 3 տարիներին չէի հասցնում:
-Լսել եմ, որ ակումբային աշխատանքը ծանր ու միապաղաղ է:
-Ծանրը ծանր է, բայց միապաղաղ չէ, կոնկրետ «Ջոս»-ի մասին եմ ասում: Նույնիսկ հակառակը, շատ հաճելի է, ուրախ է անցնում, դու քեզ զգում ես քո ափսեի մեջ:
-Որտեղի՞ց է գալիս Ձեր հիմնական եկամուտը:
-Ես ուղղակի եկամուտ չունեմ: Կորպորատիվ երեկոներ եմ վարում, երգում եմ, բայց շատ հազվադեպ: Պետք է առնետ լինես, այսօրվա առնետներից, որ հասցնես հետեւել, իմանալ՝ որտեղ ինչ կա: Ես այդքան պարապ չեմ:
-Լավ, իսկ ինչո՞ւ հավաքական համերգներին Ձեզ չեն հրավիրում:
-Ճիշտ եք նկատել, ինձ երբեք չեն կանչում այդ համերգներին: Վերջերս Էջմիածին քաղաքի տոնն էր, համերգ եղավ, շատ երգիչներ մասնակցեցին: Ես ու եղբայրս էլ պետք է գնայինք, դե մենք ծնունդով Էջմիածնից ենք: Նախկինում, երբ բարեգործական համերգներ էին լինում, մեզ հիշում էին, երբ արդեն պետք է ֆինանսավորվի, մեր անունները ջնջվում են ցուցակից: Սկզբում գիտեինք, որ մենք էլ պետք է մասնակցենք այդ համերգին, բայց հետո լսեցինք, որ մեր կոլեգաներից մեկը, որը կազմակերպել է դա, իր թեթեւ ձեռքով ջնջել է մեր անունները: Այսինքն՝ ինչ-որ մեկը, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, որոշում է՝ մենք երգենք, թե ոչ: Ես էլ իմ տեսակով էնպիսին չեմ, որ գնամ, հավասարվեմ իրենց ու խնդրեմ: Մենք գիտենք՝ ում ձեռքի գործն է դա, իհարկե, անունը չեմ տա` ուղղակի հաշվի առնելով կոլեգա լինելը, ինչը նրանք հաշվի չեն առնում: Շատ ծիծաղելի է այդ իրավիճակը, քանի որ մենք ծնունդով հենց այդ քաղաքից ենք: Շատերն են այլ քաղաքներից, բայց դրա մասին չեն բարձրաձայնում: Ես 27 տարի է՝ Երեւանում եմ ապրում, ընդամենը 17 տարի ենք Էջմիածնում ապրել, բայց ես ինձ համարում եմ էջմիածնեցի, երբեք չեմ թաքցրել այդ փաստը: Ուղղակի շատ վիրավորական է, երբ ուրիշ երգիչներին տալիս են քաղաքի պատվավոր քաղաքացի, իսկ մեզ նույնիսկ չեն էլ կանչում: Աբսուրդ է, երբ դու գիտես՝ երկու օրից երգելու ես, մեկ էլ պարզվում է՝ անունդ ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ջնջվել է: Այդ ինչ-որ մեկն էլ երեխա է եղել, այն ջահելներն են, որ փորձել են ժամանակին կողքդ կանգնել, հիմա հարց են լուծում: Մեր Կոլյա Ծատուրյանը միշտ ինձ նախատում էր, երբ ինչ-որ մեկի մասին ասում էի` լավ մարդ է: Ասում էր՝ երբեք չասես` լավ մարդ է, ձեռքը հնարավորություն տուր, կերեւա: Հիմա մարդիկ իրենց վերջին հնարավորությունն օգտագործում են ուրիշին վատություն անելու համար:
-Նոր սերնդի կատարողների մասին ի՞նչ կասեք:
-Կան լավ, տաղանդավոր էրեխեք, բայց նրանք, որպես կանոն, միշտ մի տեսակ ստվերում են: Ժամանակին նման կատարողներին ես կարողանում էի մտցնել ասպարեզ, ովքեր փող ու մեջք չունեին: Հիմա դա անհնար է, երկաթից կողպեքով ամեն ինչ փակված է: Երեւում են միայն այն մարդիկ, որոնք իրենց պետք են: Շատ գումար է պետք երեւալու համար:
-Որպես կին՝ ինչի՞ կարիք ունեք:
-Կուզենայի ընտանիք ունենալ, երեխա, որը մասնագիտության խիստ գրաֆիկի պատճառով չեմ հասցրել: Հուսամ՝ ամեն ինչ դեռ առջեւում է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս