Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Հայաստանի ԱԳ նախարարին ընդունել է Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը
ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները եւ ՀՀ Նախագահի անունից վերահաստատեց Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները եւ տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թ. Հայաստանի նմախագահի՝ Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը: Գոհունակությամբ նշվեց, որ Էլ-Քուվեյթում եւ Երեւանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։
Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր է ասել Քուվեյթում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսեւորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի եւ Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակեցին գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։
Տեղի են ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։
Հանդիպմանը նախարարներն անդրադարձել են երկու պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը, բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական եւ մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցերի։
Հայաստանի եւ Քուվեյթի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։
Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրեց այցելել Հայաստան։
Էդվարդ Նալբանդյանի քուվեյթյան օրակարգում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ տնտեսական բաղադրիչը։
Էդվարդ Նալբանդյանի եւ Քուվեյթի Ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ եղավ անցյալ տարի Երեւանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներին եւ հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձեւավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտգործախարարն այցելել է նաեւ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։
Հիմնադրամի ղեկավարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը եւ արձանագրած արդյունքները։
Զրույցի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը։