Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 18-ին ժամը 22.45-ին, “շտապօգնության”” կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի բաժնի և Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած քննչական և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981թ. ծնված Սամվել Դիլոյանը “”Մուշ”” ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ: