ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանն այն քաղաքներից է, որտեղ աղանդավորական շարժումների հետեւորդների թիվը մեծ է: Սակայն վերջին տարիներին հրազդանցիներին անհանգստացնում են մորմոնները, ովքեր քաղաքացիների խոսքերով «վխտում» են ամեն քայլափոխի:

«Ես սկզբում շատ դրական էի վերաբերվում նրանց, կարծում էի իսկական միսիոներներ են, ինչպես իրենք էին իրենց ներկայացնում, հաճույքով շփվում էի նրանցից մեկի՝ Ջոնի հետ, բայց հիմա մի տեսակ զգում եմ, որ զավթողական գործունեություն են ծավալում եւ հատկապես զբաղված են սոցիալապես անապահով խավին ներգրավելով ու իրենց ծուղակը գցելով»,- պատմում է Հրազդանի դպրոցներից մեկի ֆրանսերենի ուսուչուհին՝ Գայանեն:
Մորմոններին առավել հաճախ կարելի է հանդիպել քաղաքի Միկրոշրջան թաղամասում, քանի որ հենց այստեղ են նրանք բնակարաններ վարձել: Այդ կրոնական ուսմունքը տարածող երիտասարդ տղաներն աչքի են ընկնում իրենց արտաքին մաքրությամբ, միշտ սպիտակ վերնաշապիկով, փողկապով, թեւատակերին՝ սեւ թղթապանակ, խոսում են հայերեն բավականին վարժ եւ պատրաստ են ամեն րոպե օգնել յուրաքանչյուր քաղաքացու:
Մենք ականատես եղանք, թե ինչպես էին նրանք շաբաթօրյակ կազմակերպել քաղաքի թաղամասերից մեկում: Ասացին, որ պատրաստ են օգնել միայնակ տարեցների, ովքեր կցանկանան մաքրել իրենց բնակարանները: Օգնությունն անշահախնդիր է ու առանց հետին մտքի: Կանանցից մեկն էլ պատմեց, որ անգամ իր բուրդն են «չփխել»: Միայն թե այսքանից հետո ինչու է հրազդանցիներին անհանգստացնում մորմոնների ներկայությունը, իրենց էլ հասկանալի չէ:
Զրուցեցինք Վանատուրի Ս. Աստվածածին եկեղեցու նախկին քահանա տեր Սիոնի հետ, ով փորձեց բացատրել մորմոնական շարժման իմաստը եւ նրանցից եկող վտանգները. «Այսօր մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում են մորմոններն ակտիվ քարոզ ծավալել: Աշխարհը տիրելու հիմնական միջոցը միշտ էլ հոգեւոր ուժն է եղել: Այս շարժումը նույնպես խոշոր երկրների պլաններից մեկն է: Մենք՝ որպես փոքր երկիր, հերթական թիրախներից մեկն ենք»:
Քահանայից տեղեկացանք, որ մորմոնների կենտրոնն ԱՄՆ-ում է՝ Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում: Քաղաքի բնակչության 75%-ը մորմոն է: Մորմոնները կենտրոնատեղիներ ունեն Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, ինչպես նաեւ՝ Բեռնում: Մորմոնների հոգեւոր կենտրոնը (Ցոլիկոֆենը), որը նրանց համար «Աստծո տունն» է, գտնվում է Շվեյցարիայում: Կրոնական այս խմբերը Հայաստան են ժամանել 1988թ-ին.: Նրանք իրենց քարոզներն սկսում են ուղղափառ հավատքի դրույթներով, դասընթացներն անցկացվում են տներում՝ «Բարեկամական ընտանիք» կառույցի հատուկ նշանակված պաշտոնյաների կողմից:
Ինչպես քահանան ասաց՝ նրանցից արժի զգուշանալ. աննկատ կգցեն իրենց ծուղակը, կկորցնես ինքնուրույնությունդ եւ կդառնաս կամակատար:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս