««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ»-ԻՑ ՀԵՏՈ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԷԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարե Գրիգորյանը որոշել է վերջապես զբաղվել երգչուհու անհատական կարիերայով. նա այժմ պատրաստում է իր առաջին ձայնասկավառակը: Նարեն «Ժողովուրդ»-ին պատմել է, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո հանրության մի հատվածի բացասական մեկնաբանություններից ինքը շատ է հիասթափվել, որոշել է երգարվեստին առնչվող ոչինչ չանել, սակայն իրեն հաջողվել է հաղթահարել կյանքի այդ փուլը: Նարեն անդրադարձել է նաեւ հոր եւ հորաքրոջ անվան հետ իր անունն ասոցացնելու միտումին` խոստովանելով, որ դա միայն խանգարում է իրեն:

-Նարե՛, հիմնականում կատարում եք արտասահմանյան երգեր, ե՞րբ եք վերջապես զբաղվելու Ձեր անհատական կարիերայով:
-Արդեն որոշել եմ աստիճանաբար քայլեր կատարել այդ ուղղությամբ: Հիմա աշխատում եմ իմ առաջին ձայնասկավառակի վրա, ժամանակն է, որ ներկայանամ իմ հեղինակային երգերով, նաեւ ուրիշ հեղինակների գործերով: Շարունակում եմ աշխատել Երգի պետական թատրոնում, ժամանակավոր դադարի մեջ եմ, որից հետո սպասվում են համերգներ արտերկրում:
-Ինչպես գիտեք՝ մեր երգարվեստում «աստղերի տարափ է». ինչո՞վ եք պատրաստվում առանձնանալ մյուսներից:
-Ճիշտ եք ասում, երգիչներ շատ կան: Դե, ես ակրոբատիկ շարժումներով տեսահոլովակներ թողարկել ու դրանով հանրությանը զարմացնել չեմ կարող (ծիծաղում է), բայց կփորձեմ ներկայացնել այն, ինչ սրտիցս է բխում: Ես չեմ աշխատում հանդիսատեսի քանակ ապահովելու, ճանաչում ձեռք բերելու վրա: Եթե անգամ փոքր թվով հանդիսատես ունենամ, չեմ նեղվի:
-Ձեր հայրիկի` երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի եւ հորաքրոջ` երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանի անունների հետ Ձեր անունն ասոցացնելու հանրային միտումը երբեմն հոգնեցուցիչ չէ՞:
-Այդ հանգամանքը միայն խանգարել է ինձ. ես չեմ հիշում, որ դա ինձ որեւէ կերպ օգնած լինի: Հայ հանրության շրջանում տարածված կարծիք կա, ըստ որի, եթե տվյալ անձը ճանաչված ընտանիքից է, ուրեմն նրան օգնում են, առաջ են տանում հենց այդ հայտնիները: Հիշում եմ` հորաքրոջս մի անգամ հարցրեցին` ինչու եք ձեր երեխային առաջ տանում, նա էլ թե` բա հո ձեր երեխային չենք առաջ տանելու (ծիծաղում է): Կատակը` կատակ, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես կատեգորիկ դեմ եմ ընտանիքիս անդամների կողմից որեւէ միջնորդության. սիրում եմ ինքնուրույն առաջ գնալ, իմ ձեռագրով գործել եւ երբեք չեմ օգտվել հայրիկիս կամ հորաքրոջս անունից. նրանք ինձ հիմնականում օգնել են հոգեպես:
-Իսկ եղե՞լ է այնպես, որ ոլորտից հիասթափվեք, եւ նրանք Ձեզ մխիթարեն:
-Շատ-շատ է եղել: Օրինակ` «Հայաստանի ձայնը» նախագծից հետո շատ հիասթափված էի, որոշել էի ընդհանրապես չաշխատել, չանել ոչինչ` կապված երգարվեստի հետ, օդանավակայանում ընդունվեցի աշխատանքի եւ բացարձակ կապ չունեի երգի հետ: Երբ ես նախագծի ընթացքում հաղթահարում էի փուլերը, մարդիկ այնքան նեգատիվ մեկնաբանություններ էին անում համացանցում, ասում էին, թե իբր հորս շնորհիվ եմ առաջ գնում. բոլորը «պրոֆեսիոնալ» էին, բոլորը` քննադատ: Անգամ խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր հայրս է ժյուրիի անդամներին խնդրել, որ իմ ելույթի ժամանակ պտտվեն: Աբսուրդ: Ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե այդ մարդուն չի ճանաչում, չարժի նրա մասին ավել-պակաս խոսել: Այդ բացասական մեկնաբանությունների հեղինակները պետք է հասկանան, որ չարախոսելով՝ կարող են ինձ վնասել: Հիմա արդեն թեթեւ եմ նայում նման խոսակցություններին եւ որոշել եմ շարունակել աշխատանքս, ստեղծագործել:
-Հայտնիների անվան շուրջ տարատեսակ խոսակցությունների ու բամբասանքների տարածումն անխուսափելի է, դրանից զերծ չէ նաեւ Ձեր հայրը. նրան երբեմն նույնիսկ սիրուհիներ են վերագրում: Այս երեւույթին ինչպե՞ս եք արձագանքում:
-(Ծիծաղում է): Նույնիսկ մայրս է ծիծաղում այդ տեղեկությունների վրա, դրանք աբսուրդ խոսակցություններ են, որոնց, կարծում եմ, չարժի ուշադրություն դարձնել, մարդիկ են, խոսում են…
-Թեեւ Դուք Ձեր անձնականը փակ եք պահում հանրությունից, այնուամենայնիվ, հետաքրիր է` եղե՞լ են դեպքեր, որ տղաները գան, Ձեր հայրիկից խնդրեն Ձեր ձեռքը:
-Եղել են նման դեպքեր, իհարկե… Շատ… (ծիծաղում է): Ուղղակի անձնական թեման այնքան փակ է ինձ համար, աշխատում եմ այն չմասսայականացնել:
-Եվ վերջում` կյանքի այս փուլում ինչի՞ մասին եք երազում:
-Ասեմ, որ երբեւէ կարիերիստ չեմ եղել եւ անհավանական բաների վերաբերյալ երազանք չեմ պահել, իմ երազանքը միշտ կապված է եղել ընտանիքիս անդամների հետ. ուզում եմ, որ նրանք առողջ լինեն:

 

 

 

 
«ԵՐԲ ԵՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԷԻ, ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԴԵՌ ՉԿԱՐ»

Հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային կերպարներից մեկը` երգչուհի Ջուսը, հերթական անգամ հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում: Այս անգամ նրան զայրացրել են իր հասցեին հնչեցված քննադատությունները:

Բանն այն է, որ կայքերից մեկում տեղ է գտել մի նյութ, որի հեղինակը բերում է 4 պատճառ` Ջուսին լուրջ չվերաբերվելու համար: Ըստ հեղինակի` Ջուսը, նախ, «չստացված Լեդի Գագա է», ով աչքի է ընկնում «ոչ ճիշտ դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ, homemade հագուստով եւ ճղճղված զուգագուլպաներով»: Ավելին` հեղինակը Ջուսին բնորոշել է որպես «էժանագին կերպար»` հիշեցնելով, թե նա երբեմն առեւտուր է անում Second hand-ից: Հեղինակը կարծիք է հայտնել նաեւ, թե Ջուսի մոտ արտիստիզմի ավելցուկ կա, իսկ անդրադառնալով երգչուհու անձնականին` նկատել է, որ չարժի նախկին սիրելիի հետ հարաբերություններին առնչվող մանրամասները պատմել եթերում:
Ջուսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ նշեց, որ նյութի հեղինակի դիտարկումները կեղծ են, եւ իր անվան շուրջ շահարկումները, նրա խոսքով, արվում են՝ բարձր վարկանիշ ապահովելու համար: Անդրադառնալով Լեդի Գագային նմանվելու շուրջ հնչեցված քննադատությանը` Ջուսն ասաց. «Ես երբեք չեմ փորձել որեւէ մեկին նմանվել, 14 տարեկանից այսպիսին եմ, երբ ես ասպարեզում էի, Լեդի Գագան դեռ չկար. նա 2008-ին հայտնվեց, իսկ ես այդ ժամանակ արդեն որոշակի ուղի էի անցել»:
Երգչուհին նշեց, որ երբեւէ չի օգտվել Second hand-ից, պարզապես մեկ անգամ շոուի շրջանակում դիմել է նման քայլի:
Ինչ վերաբերում է արտիստիզմին, Ջուսը մեկնաբանեց. «Այդ առթիվ այնպիսի մասնագետներ են իրենց գնահատականները տվել, որ անգամ ավելորդ է որեւէ բան խոսել. միայն կասեմ, որ իմ արտիստիզմի վերաբերյալ բարձր գնահատական է տվել Ալեգրովան, լավագույն ելույթի համար արժանացել եմ Պուտինի կողմից պատվոգրի»:
Անդրադառնալով անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելու թեմային` Ջուսն անկեղծորեն խոստովանեց, որ ինքը ոչ մի մանրուք չի թաքցնում. «Ոչ թե շահարկում եմ իմ անձնականը, այլ ամեն բան ցույց եմ տալիս, այն, ինչ իմ կյանքում կա, բաց է. դա ռեալիթի շոուի նման մի բան է»,-եզրափակեց երգչուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Հունիսի 6-ը նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. այս տարի լրանում է նրա 112-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, բացի ավանդական միջոցառումներից, Արամ Խաչատրյանի տրիոյի hետ անակնկալ է պատրաստել: Տրիոն հանրության դատին է ներկայացնում Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունների սկավառակը: Այս ձայնասկավառակում ընդգրկվել են կոմպոզիտորի պակաս հայտնի գործերը: Ավելին` շատ ստեղծագործություններ առաջին անգամ են ձայնագրվել: Նշենք, որ ձայնագրությունները կատարվել են Խաչատրյանի տուն-թանգարանում եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Սա յուրահատուկ նվեր է` Խաչատրյանի ծննդյան առթիվ:

 

ԵՐԵԽԱ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ռուս հայտնի երգիչներ Վլադիմիր Պրեսնյակովը եւ Նատալյա Պոդոլսկայան երեխա են ունեցել: Այս մասին տեղեկացնում է woman.ru-ն: Փոքրիկ տղայի առաջին լուսանկարը Instagram-ում հրապարակել է երջանիկ հայրը` 46-ամյա Պրեսնյակովը, ով ծննդաբերության ժամանակ գտնվել է կնոջ կողքին: Լուսանկարը, որն արժանացել է բազմաթիվ հավանությունների, մակագրված է այսպես. «Մեր երջանկությունը»: Նշենք, որ Նատալյայի համար երեխան առաջինն է, իսկ Պրեսնյակովը որդի ունի Քրիստինա Օրբակայտեից` 24-ամյա Նիկիտան:

 

ԿՈՐԱԾ ԿԻԹԱՌԻ ՌԵԿՈՐԴԸ
The Beatles լեգենդար խմբի անդամ Ջոն Լենոնի Gibson կիթառը կարող է դառնալ աճուրդում վաճառված ամենաթանկ գործիքը: Julien՚s աճուրդի տան սեփականատեր Դարեն Ջուլիենը մտադիր է վաճառել կիթառը ռեկորդային գնով` 600.000-800.000 դոլարով: «Լենոնի իրերը հաճախ չեն հայտնվում աճուրդներում, քանի որ դրանք հավաքում են շատ երկրպագուներ: Դա եղել է նրա սիրելի կիթառը, որը կորցնելուց հետո երաժիշտը միշտ ասում էր, որ կցանկանար` այն իր մոտ լիներ»,-նշել է գործարարը:
Հիշեցնենք, որ Լենոնը կիթառը կորցրել է 1963-ին` Լոնդոնում համերգից հետո: Այն հայտնաբերվել է միայն կես դար անց, ԱՄՆ-ում: Աճուրդը կանցկացվի 2015թ. նոյեմբերի 6-ին:




Լրահոս