ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կենդանաբանական այգում բացվել է ներառական խաղահրապարակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման և խնամքի պայմանները: Ծրագրի  առաջին փուլի շրջանակում այգում շուրջ  1 մլրդ դրամի շինարարական և դիզայներական աշխատանքներ իրականացվեցին և 2015թ. հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում նաև բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններ, հանդես եկան ծրագրում իրենց մասնակցությունն ունենալու առաջարկությամբ: Մասնավորապես Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկեց այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում ունենալ նաև ներառական խաղահրապարակ: Առաջարկն արժանացավ Երևանի քաղաքապետի հավանությանն ու նրա հանձնարարությամբ խաղահրապարակի կառուցումը ներառվեց  այգու վերակառուցման ծրագրում:

Ըստ այդմ 2014թ. դեկտեմբերից  հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հանրային դրամահավաք-արշավի արդյունքում  հավաքագրվեցին թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ հիմնադրամի գործընկեր կառույցների կողմից կատարված ներդրումները:

2015թ. ապրիլի 9-ին Մարիոթ հյուրանոցում անցկացվեց  բարեգործական երեկոն, որին մասնակցեցին մասնավոր և հասարակական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների և ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվեց շուրջ տասը միլիոն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 

 «Ներառական խաղահրապարակի ստեղծումը կարևոր է այն առումով, որ սահմանափակ կարողություններով երեխաներին թույլ է տալիս հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Դա դրական ազդեցություն կունենա նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից՝ տալով նրանց հաղորդակցվելու և միմյանցից սովորելու, իրենց կարողությունները բացահայտելու և զարգացնելու, ինչպես նաև հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնության իրագործմանը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Նախագծի իրականացմանն իրենց  աջակցությունն են բերել նաև ԿոկաԿոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմը, Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու աշխատակազմը, Հայ-բրիտանական գործընկերության պալատը, անհատներ և կազմակերպություններ:

Խաղահրապարակի կառուցման ընթացքում օգտակար և անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Փրկություն» ՀԿ-ները, Մանկական զարգացման հիմնադրամը: Մասնագիտական, խորհրդատվական գնահատելի աջակցություն է ցուցաբերել նաև  «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:

Ծրագրի արդյունքում կառուցված խաղահրապարակը վստահաբար սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ նման երեխաների նկատմամբ  հանրային ընկալման որոշակի կարծրատիպերը փոխելու համար: Ներառական խաղահրապարակն առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և կրթության հավասար հնարավորություններ կունենան:

IMG_5755

IMG_5757

IMG_5766

IMG_5771

IMG_5780

IMG_5785

IMG_5790

IMG_5794

IMG_5815

IMG_5847

IMG_5871




Լրահոս