«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑ ԱՆՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրջ խմորումներ են սկսվել «Ժառանգություն» կուսակցությունում: Ընդ որում, այդ կուսակցության ներսում տիրող հակասություններն արդեն ավելի ու ավելի բացահայտ են դառնում:
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահներ Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը հայտարարել են, թե կուսակցության անունից տեսակետ հայտնելու իրավունք ունեն միայն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահներ Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ասել է թե՝ ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու քարտուղար Զարուհի Փոստանջյանն իրավասու չեն կուսակցության անունից հայտարարություններ անել: Սա, թերեւս, կարելի է համարել քաղաքական նոնսենս, երբ խորհրդարանական խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի կարծիքը կուսակցության պաշտոնական տեսակետ չի համարվում: Ավելին, աբսուրդը հասել է այնտեղ, որ, փաստորեն, «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած հինգ հոգուց ոչ մեկն իրավասու չէ կուսակցության անունից պաշտոնական խոսք ասել: Իսկ տրամաբանությունը տվյալ դեպքում ենթադրում է, որ այսքանից հետո նրանք պարզապես պետք է վայր դնեն մանդատները:
Այս իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումները պաշտոնական ձեւաչափով չեն ընթանում, այլ ԲՀԿ-ական պատգամավորներն ուղղակի թակել են իրենց կուսակցության դուռը, հանդիպում խնդրել, իրենք էլ, քաղաքավարությունից ելնելով, ընդառաջել են: Դրանից հետո «Ժառանգության» վարչությունը հայտարարություն տարածեց՝ հավաստիացնելով, որ երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները պաշտոնական ձեւաչափով են: Այս համատեքստում էլ բազմիցս շեշտվեց՝ այդ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու իրավունք ունեն կոնկրետ վերոնշյալ մարդիկ, որոնց մեջ Փոստանջյանը չկա:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ «Ժառանգության» ներսում անվստահություն կա Փոստանջյանի ու Հակոբյանի նկատմամբ: Ավելին, նրանց կասկածում են Բաղրամյան 26-ից՝ նախագահական նստավայրից, ուղղորդվելու մեջ: Բացի այս, «Ժառանգություն»-ում մթնոլորտը պղտորվել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ այդպես էլ չստացված համագործակցությունից հետո, երբ իրական ժառանգականների փոխարեն այդ կուսակցության ցուցակով պատգամավոր դարձան մարդիկ, որոնք էլ հետո խայտառակ ձեւով դուրս եկան:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ «Ժառանգություն»-ում մի քանի օր է՝ այս թեմայով թեժ քննարկումներ են ընթանում: Ինչպես պատմեց ականատեսներից մեկը, նախօրեին Փոստանջյանն ու Հակոբյանը 19:30-ի մերձակայքում առանձին-առանձին դուրս են եկել կուսակցությունից, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան մոտ, կրկին հանդիպել ու միասին Բաղրամյան պողոտայով շարունակել քայլելը: Ենթադրվում է՝ նրանք կուսակցությունում քննարկումներից հետո որոշել են միասին կրկին քննարկել իրավիճակը:
«Ժառանգություն»-ում, սակայն, հերքում են իրենց ներսում խմորումների մասին լուրերը: Ըստ ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ կուսակցությունում բացարձակ խնդիր չկա, եւ ամեն ինչ նորմալ է: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա, նրա խոսքով, քանի որ համագումարը չի ընտրում խմբակցության անդամներին, հետեւաբար նրանք լիազորված չեն կուսակցության անունից հայտարարություններ անել. «Եթե առանձին հարցի շուրջ կուսակցության վարչությունը որոշի որեւէ մեկին լիազորել տեսակետ հայտնել, կլիազորի»: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, վերջինս չցանկացավ խոսել այդ թեմայով: Իսկ «Ժառանգության» պատգամավորներից Թեւան Պողոսյանն էլ ասաց, թե ինքը հանրային սեկտորի, այլ ոչ թե կուսակցության ներկայացուցիչ է, հետեւաբար այդ հարցերն իրեն չեն ուղղված. «Ցանկացած համակարգ իր պաշտոնական համակարգն ունի»:
Այսպիսի խայտառակություն թերեւս միայն «Ժառանգություն» կուսակցությունում կարող է լինել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս