«Ախր 90 թվից ոտի են կանգնում… արդյունքն ի՞նչ է». Ուշիի գյուղապետը` հոսանքի թանկացման և դրա դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի երեք համայնքներում` Օհանավան, Ուշի և Կարբի, մարդիկ դուրս էին եկել փողոց` հասնքի թանկացման դեմ բողոքի ձայն բարձրացնելու: Նաև գրել էինք, որ Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը կտրականապես հերքեց այդ լուրը և նշեց, որ իրենց համայնքից ոչ ոք բողոքի ակցիային չի մասնակցել:

Armlur.am-ը կապ հաստատեց նաև Ուշի համայնքի ղեկավար Հոմբերտ Աթոյանի հետ, ով նույնիսկ տեղյակ չէր տեղի ունեցած բողոքի ակցիայից: «Ես էդտեղ չեմ էլ եղել: Տեղյակ չեմ եղել: Առավոտ խնդիրներ կար քաղաքացիների հետ կապված, դրա համար ես խաբար չեմ եղել»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով` ոչ մեկին ցանկալի չէ, որ հոսանքը թանկանա. «Եթե հոսանքը թանկացավ, ամեն ինչն էլ կթանկանա»: Հարցին` կոնկրետ իրենց համայնքի վրա ինչպես կանդրադառնա հոսանքի թանկացումը, Աթոյանը պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, մեր համայնքից սկի մարդ չի գնացել մասնակցել այդ բողոքի ակցիային: Կարողա մեկ, երկու կամ երեք հոգի եղած լինեն, ոչ ավել: Հնարավոր չէ, մեր համայնքից ոչ մեկն էլ գնացած չէր լինի»:

Թե ինչու էր վերջինս այդքան վստահ, որ իրենց համայնքից ոչ ոք բողոքի ակցիային մասնակից չէր լինի, Աթոյանն ասաց. «Էս ժողովուրդը լրիվ հուսահատ է, ոչ մի բանի չեն հավատում: Ախր 90 քանի թվից ոտի են կանգնում…. արդյունքն ի՞նչ է, ոչ մի բան»:




Լրահոս