«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ է թաքնված այդ «մասնավոր այցի» մեջ, եւ ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ:
Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ ու, հավանաբար, կիսատ մնացած հարցեր կան, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: