Շվեդիայի կրթության եւ հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորել է կրթական համակարգի միջազգայնացման խնդիրը:
-Հայաստանում շատերը դեմ էին 12-ամյա կրթությանը, անգամ մեր որոշ պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան կրթության նման ձեւաչափի անցման կապակցությամբ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ԵՄ-ն հորդորում Հայաստանին անցնել 12-ամյա կրթական համակարգին:
-Դա բոլոնյան գործընթացի մի մասն է: Դուք պետք է կրթական համակարգ ունենաք, որը կհամապատասխանի այդ գործընթացում ներգրավված եվրոպական կրթական տարածքի երկրների կրթական համակարգին: Կարծում եմ՝ դա չափազանց կարեւոր քայլ էր, եւ եվրոպական երկրներն աջակցում են ձեզ՝ զարգացնելու ձեր կրթական համակարգը:
-Բայց մի՞թե կարծում եք, որ Հայաստանը կարիք ուներ 12-ամյա կրթության անցմանը: Չէ որ տասնամյա կրթական համակարգով եւս Հայաստանը կրթության առումով առաջատար էր, մեր ուսանողները կարողանում էին իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում, եւ, ըստ էության, 12-ամյա կրթական համակարգը Հայաստանում այդքան էլ չի բարձրացրել կրթության որակը:
-Ինձ համար չափազանց դժվար է պատասխանել Ձեր այս հարցին: Սակայն Շվեդիան եւս կողմ է այն տեսակետին, որ բոլոր երկրները 12-ամյա կրթություն ունենալու կարիք ունեն, քանի որ մենք տեսնում ենք, որ երիտասարդների շարքում գործազրկության մակարդակը բարձր է: Կարծում եմ՝ 12-ամյա կրթությունն այս առումով չափազանց կարեւոր է: Սա նաեւ կնպաստի բուհերի միջազգայնացման խնդրին ու կնպաստի միջբուհական համագործակցության եւ ուսանողների փոխանակման ծրագրերին:
-Իսկ ինչպե՞ս կարող է նպաստել 12-ամյա կրթությունը երիտասարդության շարքում գործազրկության նվազեցմանը:
-Կարծում եմ՝ աշխատանքային կյանքն այսօր ու վաղը պահանջում է ոչ միայն բարձրագույն կրթություն, այլ նաեւ՝ որակյալ միջնակարգ կրթություն, որն էլ ապահովում է 12-ամյա կրթությունը: –
Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչքան ժամանակ անց Հայաստանում կկարողանանք տեսնել 12-ամյա կրթության առավելությունները:
-Այդքան էլ վստահ չեմ կարող ասել: Դրա համար, ինչ խոսք, որոշ ժամանակ կպահանջվի: Սակայն չափազանց կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ ունենա լավ կրթություն եւ հնարավորություն՝ շարունակելու իր կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆԸ