Հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի արտգործնախարարության հատուկ բանագնաց, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց Հայաստանում Չինաստանի առաջին դեսպանի այցը Հայաստան՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց՝ կարեւորելով այն հանգամանքը, որ դեսպանը առ այսօր իր նպաստն է բերում հայ-չինական բարեկամության ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիդին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Չինաստանի արտգործնախարար Վան Իի ողջույնները եւ նշեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց։
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունները, նշեցին, որ ս.թ. մարտին ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցելությունը նոր լիցք հաղորդեց բազմաոլորտ հայ-չինական համագործակցությանը։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շուրջ, անդրադարձան ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում դեսպան Սիդին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: