«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է հայտնի հայ միլիոնատեր, «Ավալոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավագումյանի որդու հարսանիքին: Ըստ լուրերի՝ նրա որդին ամուսնացել է Մոսկվայի գլխավոր ուռոլոգ Արամայիս Կամալովի դստեր հետ:
Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ականների հետ նախագահական ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, քեֆ արել եւ վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, բայց նա ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:
Ի դեպ, Կամո Ավագումյանի որդիներից մեկը վերջերս ամուսնացել է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: