Երեկ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում. մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սեյրան Խաչատրյանը՝ հանրահայտ Աղալարը:
Այս հրապարակումից հետո երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ, որոնք աղմկալի այս դեպքի մասին ուշագրավ մանրամասներ հայտնեցին: Մենք տարբեր աղբյուրներից փորձեցինք պարզել տեղեկությունը, եւ մի քանի վկաներն ու այս գործով վկաների հետ առնչվող անձինք տվեցին գրեթե նույնանման պատասխաններ, ինչը ենթադրում է, որ մեզ տրված տեղեկությունը բավականին մոտ է ճշմարտությանը:
Այնուամենայնիվ, ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ մենք որոշ նրբերանգներ չենք բացահայտի, բայց հասարակության հետաքրքրությունը բավարարարելու համար կներկայացնենք, թե, ի վերջո, ինչն է եղել մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող հատվածում կռվի պատճառը, ովքեր են մասնակցել ծեծին եւ, առհասարակ, ովքեր են այսօր փախուստի մեջ գտնվող անձինք:
Ինչի՞ց է սկսվել պատմությունը
Այն, որ այս պատմությունը խորը արմատներ ունի, այդ մասին Գորիսում գրեթե բոլորը գիտեն: Զաքարյանների եւ Խաչատրյանների հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Զաքարյաններն ակնհայտ ցույց են տվել, որ Խաչատրյանները չեն կարող իշխել իրենց: Ավելին՝ Մուշեղ Զաքարյանը 2013թ մարզպետի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի մտերիմ ընկերն է եղել: Ուստի մայիսի 2-ի դեպքը զարմանք չի հարուցել որեւէ մեկի մոտ:
Եվ այսպես, նշված օրը Սուրիկ Խաչատրյանի տղան` Տիգրան Խաչատրյանը, իր «Բրաբուս» մակնիշի 077 QQ 77 համարանիշով ավտոմեքենայով մի քանի անգամ անցել է Գորիսի Անկախություն փողոցով, որտեղ իր մեքենայով կանգնած է եղել Մուշեղ Զաքարյանը` ընկերների հետ: Հերթական շրջապտույտի ժամանակ Տիգրանն իր մեքենայով հարվածել է Մուշեղի մեքենային, ինչից վնասվել է վերջինիս մեքենայի հայելին: Հարվածից հետո Տիգրան Խաչատրյանը կանգնեցրել է իր մեքենան եւ Մուշեղից պահանջել. «Քշի՛ հետեւիցս»: Սակայն Մուշեղի ընկերները նրան խորհուրդ են տվել չգնալ: Մուշեղը լսել է: Ավելի ուշ Տիգրան Խաչատրյանն անձամբ է զանգահարել Մուշեղին եւ ասել. «Պիտի հանդիպենք»: Բայց Մուշեղն էլի չի գնացել: Արդեն ուրիշ մարդիկ են զանգահարել Մուշեղին եւ պարտադրել՝ պիտի գաս: Զանգերի տեղատարափի ճնշման տակ Զաքարյան եղբայրները՝ Հարութն ու Մուշեղը, որոշել են, ի վերջո, գնալ, հանդիպել մարզպետի որդուն՝ հասկանալու համար, թե ինչու է այդքան համառորեն ցանկանում տեսնել Մուշեղին:
Երկու եղբայրները միայնակ՝ առանց ընկերների, գնացել են պայմանավորված վայրը՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Եւ այնտեղ տեսել են, որ իրենց մի «զորք» է սպասում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված տարածքում Զաքարյաններին սպասելիս են եղել Սյունիքի մարզպետի երկու որդիները՝ Տիգրան Խաչատրյանը, Տրդատ Խաչատրյանը, վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, Յուրկան, որ մարզպետի բարեկամն է, մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը՝ Աղալարը, նրա որդին` էյները, Սյունիքում հայտնի Շահումը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, եւ Գորիսի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրեն Բաղդասարյանը:
Թվարկվածներից բացի՝ շատ այլ մարդիկ եւս եղել են նշված տարածքում, սակայն նրանց անունները նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ առայժմ չենք հրապարակում:
Հավաքվածների ու Զաքարյան եղբայրների միջեւ սկսված խոսակցությունը վերածվել է անհասկացվածության, ինչն էլ ավելի ուշ դաժան ծեծի պատճառ է դարձել: Եւ լուրեր կան, որ վերը նշված անձինք, ով ինչպես պատահի, սկսել են ծեծի ենթարկել Մուշեղ եւ Հարութ Զաքարյաններին:
Ինչպես է հանդարտեցվել կռիվը
Տեղեկացնենք, որ այդ Սդղլի գյոլ կոչվող տարածքը գտնվում է միջպետական ճանապարհի մոտ. այդ ճանապարհը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հայտնի է՝ դեպքի հաջորդ օրը ԼՂՀ-ում պետք է կայանային խորհրդարանական ընտրություններ, եւ Արցախ մեկնող մեքենաների հոսքը նշված օրը սովորականից շատ է եղել: Ու երբ մարզպետի որդին իր մեքենայով փակել է ճանապարհն ու, ըստ էության, կազմակերպել տղաների ծեծը, ավտոճանապարհին մեծ խցանում է առաջացել, ինչն էլ կռվի մասնակիցներից շատերին ստիպել է ազդանշաններից խուճապահար փախչել: Եւ ծեծկռտուքը ինքնաբերաբար ավարտվել է:
Սակայն մարզպետի որդին չի մոռացել փախուստից առաջ իր թիմակիցների օգնությամբ իրենց հետ տանել նաեւ արնաշաղախ Մուշեղին: Տիգրանն ու թիմակիցները Մուշեղին ստիպողաբար տարել են Սդղի գյոլի մոտ գտնվող հանգստյան տան տարածք, իսկ նրա եղբորը՝ Հարությունին, ծեծված թողել են ճանապարհից դուրս գտնվող հատվածում՝ գետնին անշարժ ընկած (այսօր նա կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ եւ բուժվում է Մոսկվայում):
Այստեղ բավականին ուշագրավ է եղել ոստիկանության պահվածքը: Ու թերեւս դրա համար էր, որ Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանն ազատվեց աշխատանքից: Պարզվում է, որ երբ ծեծի մասնակիցները հավաքվել են այս անգամ էլ հանգստյան տանը, ոստիկաններն անմիջապես հայտնվել են դեպքի վայրում եւ փոխանակ ձերբակալեն ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին, շրջապատել են տարածքը՝ թույլ չտալով անգամ Զաքարյանների հարազատներին մտնել տարածք: Ոստիկանական պատնեշը բացվել է միայն այն ժամանակ, երբ հանգստյան տան տարածքում հայտնվել է Սյունիքի տերը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու եւ Մուշեղ Զաքարյանի հետ խոսելու համար, եւ ոստիկանները սրանով իրենց աշխատանքը համարել են ավարտված, իսկ ծեծողներն ու ծեծվողները գնացել են իրենց «տներով»:
Ձերբակալվածներն ու «թռածները»
Ինչպես արդեն գրել էինք՝ հունիսի 9-ին նշված գործով ձերբակալվեցին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը, եւ մարզպետի բարեկամ Յուրկան:
Գորիսում պտտվող լուրերի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, ծեծի մասնակից Շահումը եւ Ս. Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը, արդեն երկու օր է ՝«կորած են»: Յուրկայի ու Դերենիկի ձերբակալությունից հետո նրանք մտավախություն են ունեցել, որ հերթը իրենց էլ կհասնի, դրա համար էլ «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լսել նաեւ հենց բուն մասնակիցներին, որոնք հարուցված քրեական գործով անցնում են տարբեր կարգավիճակներով, սակայն ե՛ւ մարզպետի կողմնակիցները, ե՛ւ Զաքարյանները գրեթե «ողջ կազմով» անհասանելի էին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՍ ՏԱՐՈՒՄ՝ 3 ԴԵՊՔ
Հունիսի 11-ին՝ ժամը 01:33-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում մահացել էր Արցախի Հանարպետության Բերձորի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը:
Ըստ նախնական տվյալների` Էդգարը իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Էդգարին մեկ շաբաթ էր մնացել` ծառայությունը ավարտելու համար:
Այս դեպքում զարմանալի է, թե ինչը կարող էր լինել կատարվածի պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերձոր համայնքի ղեկավար Արթուր Սահակյանն ասաց, որ իրենց համար եւս կատրվածը շատ տաօրինակ է. «Կարծում եմ, որ տղան չէր կարող այդ քայլին գնալ, միգուցե, կատարվածը պատահականություն է եղել: Թե չէ, Էդգարը լավ ծառայում էր, որեւէ խնդիրը չի եղել այս ընթացքում: Եթե լիներ, մենք կնկատեինք, հայրը հաճախակի կգնար, բայց այս ընթացքում նման բան չենք նկատել: Ծնողներն էլ չգիտեն, թե ինչն է եղել կատարվածի պատճառը, եւ հիմա գնացել են տղայի զորամաս, կոնկրետ դիրքեր են գնացել՝ հասկանալու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել»:
Ըստ համայնքի ղեկավարի՝ միգուցե դեպքը տեղի է ունեցել զենքի հետ աշխատելիս. «Դե, բոլորս է ծառայել ենք, միգուցե զենքը քանդել են, մաքրեն եւ նման այլ բաներ, ինչն էլ պատահական կրակել է»:
Նկատենք, որ սա այս տարվա առաջին դեպքը չէ ԼՂՀ ՊԲ-ում: Հիշեցնենք, որ 2015թ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողն ինքն իրեն ստորին ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ալբերտը Երեւան քաղաքի բնակիչ էր, եւ նրա հարեւաններն ու հարազատները վստահեցնում էին, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, թե տղան ինքնասպանություն է գործել:
Սա էլ դեռ վերջը չէ. մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Ղամբարյանը: Տղայի մահվան դեպքի առթիվ եւս հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Վերջինիս հարազատները պնդում են, որ նա ինքնասպան լինել չէր կարող:
Այսպիսով՝ 6 ամիսների ընթացքում երեք զինվորի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել: Համաձայնեք՝ ցուցանիշն իսկապես մտահոգիչ է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԵՂՃ ԱԱԾ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունը, առջեւում դատական վիճաբանությունների փուլն է: Գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը 168.am-ին ասել է, որ հունիսի 10-ին դատական նիստում շարունակվել եւ ավարտվել է Արագած Ղեւոնդյանի՝ Սուրիկ Խաչատրյանի վարորդի հարցաքննությունը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ դատական նիստի ընթացքում դատարանը հրապարակել է նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված պատասխանը` կապված Ս. Խաչատրյանի վարորդի եւ նրա երկու հարազատների հեռախոսազրույցները գաղտնալսելու հետ: «Դատարանն ուզում էր պարզել պատճառները՝ ինչու ձայնագրությունը եւ լսումը տեղի չեն ունեցել: ԱԱԾ-ից դատարանին պատասխանեցին, որ տեխնիկական պատճառներով տեղի չի ունեցել: Ես շատ անհավանական եմ համարում, որ ազգային անվտանգության ծառայությունն այնքան թշվառ վիճակում է գտնվում, որ տեխնիկական խնդիրներ ունի երեք հոգու վերաբերյալ դատարանի որոշումը կատարելու, նրանց ձայնագրելու առումով, բայց եթե դա այդպես է, շատ ավելի վատ»: