Վերջերս համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը անվասայլակով էր: Երկրպագուներն անհանգստացած մեկնաբանություններ էին թողել` հույս հայտնելով, որ Արսենի առողջության հետ ամեն բան կարգին է: Երգիչը «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչու էր հայտնվել անվասայլակին: Արսենը խոսել է նաեւ երգարվեստում իր քայլերը պասիվացնելու եւ այլ թեմաների շուրջ:
-Արսե՛ն, իրականում ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ էիք հայտնվել անվասայլակին:
-Օրերս ԱՄՆ-ում էի` Գլենդելում, բասկետբոլ խաղալիս ոտքս ոլորեցի: Լուրջ վնասվածք չեմ ստացել, կոտրվածք չունեմ, պարզապես պետք է ոտքս որոշ ժամանակով անշարժացնել: Առաջիկայում ներկայացումներ ունեմ, պետք է ավելի ապահով լինել, արագ բուժվել:
-Գիտենք, որ այդ վիճակով նույնիսկ հասցրել եք խաղալ ներկայացման մեջ: Դժվար չէ՞ր:
-Այո՛, «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ եմ խաղացել, ձեռնափայտով եմ դուրս եկել բեմ, բայց քանի որ դա դասական գործ չէր, կերպարս կարող էր ընկալվել նաեւ իր կոտրված ոտքով: Հանդիսատեսին շատ շնորհակալ եմ, որ այդքան լավ ընդունեց ինձ նույնիսկ այդ վիճակում: Դեռ հուլիսի 1-ին էլ պետք է խաղամ «Չիպոլինոյի արկածները» բալետ-ներկայացման մեջ, որը պարային բնույթ ունի, այնպես որ` պետք է շուտ լավանամ, այլ տարբերակ չունեմ (ծիծաղում է):
-Եթե գաղտնիք չէ` այս վերջին անգամ ի՞նչ նպատակով էիք մեկնել ԱՄՆ:
-Գնացել էի մասնակցելու «World Armenian Entertainment Awards»-ին, Լուիզա Ներսիսյանի հետ «Հանդիսատեսի ընտրություն» անվանակարգում մրցանակ հանձնեցինք Սիլվա Հակոբյանին: Այդ ընթացքում հանդիպեցի նաեւ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ, նա նոր ֆիլմ է նկարահանում, հավանաբար` հայ-ամերիկյան համագործակցության արտադրանք կլինի, սցենարն արդեն գրվել է, նախնական աշխատանքները մեկնարկել են, ֆիլմում գլխավոր կերպարն եմ մարմնավորելու: Բացի այդ` տեղեկացնեմ, որ մի ամերիկյան արտադրության ֆիլմում եմ նկարահանվել, որի պրեմիերան կլինի հուլիսին, ԱՄՆ-ում: Այնտեղ հայ դերասաններից իրենց մասնակցությունն ունեն նաեւ Ալլա Թումանյանը, Լուիզա Ներսիսյանը, Կարեն Կարագուլյանը: Հուսով եմ` ֆիլմը կհասնի նաեւ Հայաստան:
-Արսե՛ն, վերջին շրջանում երգարվեստում Ձեր քայլերը պասիվացրել եք, ինչո՞ւ:
-Այո՛, շատ վաղուց ոչինչ չեմ արել, երեւի չեմ ուզում ինչ-որ բան անել, նախկինում ուզում էի, անում էի: Ես այն երգիչներից չեմ, որ պարտադիր պետք է ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ներկայացնեն հանդիսատեսին: Եթե նոր ասելիք լինի, անպայման կներկայացնեմ: Եթե դաշտում այս վիճակը շարունակվի, անպայման կանեմ մի լավ բան, որ մարդիկ լավ բան տեսնեն:
-Ոլորտը միատարր է դարձե՞լ, Ձեզ չի գոհացնո՞ւմ:
-Այնպես չէ, որ ընդհանրապես չի գոհացնում, բայց ոչ էլ անմնացորդ հիացնում է: Ոլորտին պրոֆեսիոնալներ են պետք, իմ բախտն, իհարկե, բերել է. մշտապես համագործակցել եմ տաղանդավոր մարդկանց հետ:
-Ըստ Ձեզ` մեր երգարվեստում կա՞ն ընդգծված կերպարներ:
-Այո՛, Լիլիթ Հովհաննիսյան, Սիրուշո: Իսկ, առհասարակ, յուրաքանչյուրն էլ ունի մի բան, որով առանձնանում է:
-Իսկ հումորային ասպարեզում էլի կներկայանա՞ք:
-Դե, «Թատրոն 32»-ի հետ համագործակցությունս շարունակվում է, հնարավոր է նաեւ՝ Կամիլ Բլոգը վերադառնա:
-Կամիլին կա՛մ շատ են սիրում, կա՛մ, առհասարակ, տանել չեն կարողանում, երբեմն ասում են, որ նա գռեհիկ է…
-Ես ավելի շատ սիրողների եմ հանդիպել: Կարծում եմ, որ հումորի իմաստով Կամիլը գռեհիկ չի եղել, համով է եղել, հիմա ինչ անենք, որ այդ աղջիկն էլ այդպիսին է (ծիծաղում է):
-Ներկայացումներում, որտեղ Դուք խաղում եք, արծարծվում են կին-տղամարդ հարաբերությունները: Իսկ կյանքում այդ ուղղությամբ հաճա՞խ եք մտածում, «իրավիճակն» այդ առումով ինչպիսի՞ն է:
-Այդ հարաբերություններում ամեն բան ինձ ուրախացնում է, միայն թե լինի (ծիծաղում է):
-Ինչ-որ փոփոխություններ կա՞ն:
-Ամեն վայրկյանն է փոփոխություն. ոչ մի վայրկյան նախորդին նման չէ: Իսկ անձնականի մասով այս պահին ոչինչ չկա:
-Ամուսնանալու ժամանակին առնչվող ազդանշան արդեն ստացե՞լ եք:
-Նման էմոցիոնալ պոռթկումներ եղել են, բայց անցել են (ծիծաղում է): Ամեն բան` իր ժամանակին:
Աննա Բաբաջանյան