Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել հունիսի 15-ին Աշտարակ քաղաքում հնչած կրակոցների գործով: Ըստ այդմ, նշված օրը՝ ժամը 12:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակվել Աշտարակ քաղաքի բնակիչ Արսեն Խաչատրյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ այն կատարողը դիմել է փախուստի:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ մինչ այս կրակոցները Աշտարակ քաղաքում վիճաբանություն է եղել բնակիչներ 39-ամյա Վաչե Մովսիսյանի, 41-ամյա Վահե Մովսիսյանի, Սուրեն Մովսիսյանի եւ Աշտարակի ՋՕԸ տնօրեն Արսեն Խաչատրյանի, Մարտին Մովսիսյանի, Արման Մուրադյանի միջեւ: Ու մինչ իրավապահները փորձել են հասկանալ, թե ինչ վիճաբանություն է եղել, հունիսի 15-ին հնչել են կրակոցները: Ըստ Աշտարակ քաղաքում տարածված տեղեկությունների` նշված անձանց միջեւ վիճաբանությունը սկսվել է մեքենան չզիջելու հարցի շուրջ, որն էլ ավելի ուշ դարձել է սպանության փորձի առիթ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս գործով անցնողներից որեւէ մեկը ոստիկանություն կատարվածի մասին հաղորդում չի ներկայացրել: Ավելին՝ երեկ մեզ տեղեկություններ հասան, որ երբ ոստիկանությունը գնացել է այս գործով տուժող Աշտարակի ՋՕԸ տնօրեն Արսեն Խաչատրյանի տուն, վերջինիս հարազատները ոստիկաններին քաշքշել են ու հայհոյել:
Քնար Մանուկյան