«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ դատարկվում է Սեւանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով): Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին): Արդեն տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով մեր հարցերին, թե ինչու է իր ընկեր Լեւոն Սարգսյանին պատկանող համալիրի գույքը հանվում շենքից, եւ ինչո՞ւ է Լ. Սարգսյանը նման իրավիճակում հայտնվել, պատասխանեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի: Ի դեպ, Լ. Սարգսյանը մշտապես համարվել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, որը պարբերաբար հայտնվում էր աղմկոտ քրեական պատմությունների կիզակետում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: