Հարսնաքարի գործով տուժող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարսնաքարե ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման: Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժել էր ընդդեմ նախաքննության մարմնի՝ ոստիկանության, և նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության կողմի ներկայացրած բողոքը:
Տիգրան Եգորյանը “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնել է, որ բողոքում իրենք պահանջում են բեկանել հիշյալ որոշումը և բավարարել պահանջը՝ ելնելով արդարադատության արդյունավետութունից: 
Հիշեցնենք, որ տուժող կողմի ներկայացուցիչները պահանջում էին վերացնել քննիչի որոշումը, որով մերժվել են նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Կողմը պահանջել էր նաև վերացնել քննիչի որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը: Տուժող կողմը պահանջել էր պարտավորեցնել ,թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համարե:
Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝ նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներն են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի ,չի բացահայտվել տուժողի սպանությունըե: Կողմը գտնում է, որ սխալ է սպանությունը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել որակելը՝ ի սկզբանե ծանր մարմնական վնասվածքն եղել է կյանքի հետ անհամատեղելի: Տուժող կողմը վստահ է, որ ,նախաքննությունն հապշտապ ավարտելու հետևանքովե չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության:
Տուժող կողմը պնդում է նաև, որ գործի նախաքննությունը վերսկսվի Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը գտել էր, որ բողոքն անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է մերժման: Նա պարզաբանել էր, որ 6 մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը: Ըստ մեղադրողի, դատարանը կարող է քննության արդյունքում փոխել հանցագործության քրեաիրավական գնահատականը՝ նաև մեղադրանքը խստացնելով, դա անդառնալի չէ:
Ըստ նրա, գործի նախաքննության ավարտումը հապշտապ չի եղել, գործը քննվել է ողջամիտ ժամկետում, ինչը իրավունքի միջազգային նորմերի ու հանրային պահանջ է:
Ա. Դավթյանը հավելել էր, որ տուժող կողմի միջնորդությունների մի մասն առնչվում է հանցագործության այլ հնարավոր մասնակիցների բացահայտմանը: Դրա համար գործից մաս է անջատվել, ընթացող նախաքննության շրջանակում քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:




Լրահոս