«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) մեզ հետ զրույցում հաստատեց լուրը:
Սկզբում նշենք, որ մեզ տեղեկությունը փոխանցվեց մի փոքր այլ բովանդակությամբ. ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները միմյանց են կրակել, որի արդյունքում կա մեկ ծանր վիրավոր: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի հետ: «Ձեր տեղեկությունը ճիշտ չէ, նման վիճաբանություն տեղի չի ունեցել, ոստիկանությունը եւս տեղյակ է այդ միջադեպից, քանի որ այնտեղ օրինական հաղորդագրություն է տրվել այդ մասին,-պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով,-ես կարող եմ ասել, որ մեր աշխատակիցները երեկ՝ գիշերը, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհին, մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի»:
Հարությունյանը հավելեց, որ գնդակը կպել է դիմապակուն. «Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործը հայտնաբերվել է, իսկ զենքն էլ ոստիկանությունն արդեն առգրավել է»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կան վիրավորներ, ՊՊԾ պետը պատասխանեց. «Չէ՛, մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ»:
Հարությունյանի տեղեկացմամբ՝ «պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է ու մեքենայի միջից կրակել է»: Թե ինչու, դժվարացավ պատասխանել:
Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի անվտանգության շարասյունը ինչու էր գնում «Զվարթնոց» օդանավակայան, Հարությունյանը պատասխանեց. «Մեր տղաները աշխատանքի մեջ են եղել՝ ուրիշ գործով, «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մենք չե՞նք կարող այլ աշխատանքներ ունենալ, դա նախագահի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի պատահականություն է եղել: Պատահական մեր մեքենան է եղել, կարող է մեր մեքենայի փոխարեն ուրիշ մեքենա լիներ: Ասեմ, որ մեր մի մեքենայի մեջ երկու հոգի են եղել»:
Իհարկե, գուցեեւ պատահականություն է տեղի ունեցածը, բայց, այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ պատահական մի էջմիածինցի, այն էլ Կոնյակի գործարանի մոտ կարող էր պատահական կրակ արձակել ՀՀ նախագահին ուղեկցող թիկնազորի շարասյան վրա (Ս. Սարգսյանն այդտեղ չի եղել): Համաձայնե՛ք՝ նման բաները սովորաբար պատահական չեն լինում: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա 2010-ի հոկտեմբերին անհայտ քաղաքացի շիշ էր նետել: «Ժողովուրդ»-ը կփորձի պարզել վերջին դեպքի հանգամանքները:
Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից Հայաստան է վերադարձել երեկ՝ կեսօրին:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ