ՄԵԾ ՁԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ. հունիսի 10-ի կառավարության որոշումը կայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Ըստ այդ որոշման՝ գործադիրը 100 մլն դրամ է հատկացրել՝ երկու հատ ստացիոնար հասարակական զուգարան ձեռք բերելու համար: Մի կողմ թողնելով հարցը, որ 2 զուգարանի համար մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի հատկացումը շատ մեծ գումար է եւ «ատկատի» աղբյուր, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքի վրա: Կառավարության որոշման մեջ նշված է նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կոնկրետ պայմանագիր պետք է կնքի «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ի հետ եւ հենց նրանցից գնի զուգարանները: Մինչդեռ «Գնումների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է 1 մլն դրամից ավելի գնումներ կատարելու դեպքում մրցույթ հայտարարել: Այս փաստն ուշագրավ է վերջերս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Սիրուն չէ» սերիալի բեմադրության համատեքստում, երբ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ կառավարությունում քննադատում էր գնումների ոլորտում կատարված չարաշահումները՝ հանձնարարելով «ձուկը գլխից բռնել», «վիրահատական միջամտություններ» իրականացնել: Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության որոշումը «հենց ձկան գլուխն է», որը, սակայն, Ս. Սարգսյանը համառորեն չի նկատում:




Լրահոս