ՎԱ՜Յ, ՀՂԻ ԵՄ…
Երբ հայրենի իշխանությունը շրջանառության մեջ դրեց 18 տարին չլրացած անձանց ամուսնության արգելքը, եզդիները սկսեցին դժգոհել, թե դա իրենց ավանդույթներին դեմ է: Հայտնի չէ` ավանդույթները պահելով, թե սեքսն ու խաղը շփոթելով՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի 18-ամյա բնակիչ Բուդաղն այս տարվա սկզբին փոխադարձ համաձայնությամբ փաստացի «ամուսնացել» է նույն մարզի մեկ այլ գյուղի բնակիչ, 16 տարին չլրացած Նանարի (տուժողի անունը փոխված է) հետ: Սեռական ակտից հետո Նանարը հղիացել է, Բուդաղին էլ մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Այն նախատեսում է պատիժ` 500 000 դրամ տուգանքից մինչեւ առավելագույնը 2 տարվա ազատազրկում:
Գործի դատաքննությունը կանցկացվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
ՍԵՔՍՆ ՈՒ ՇԱՀԸ «ՄԻՔՍԵԼ ԷԻՆ»
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ մի քրգործ էլ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի վարույթում է: Այստեղ եւս սեքսի հարցում փոխադարձ համաձայնություն էր եղել 25-ամյա Արմեն Պետրոսյանի եւ 16 տարին չլրացած Կարմենի (անունը փոխված է) միջեւ: Սկզբում Արմենը Կարմենի հետ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություն էր ունեցել, խոստացել, որ իրենք ամուսնանալու են, հետո էլ Կարմենի խելքը մտցրել էր, թե ապագա ամուսիններին երջանկության համար ոսկեղեն է պետք: Բայց ո՞ւմ ոսկեղենը. Կարմենի տատիկի խոշոր չափի ոսկյա զարդերը, որոնք Կարմենը գողացել ու հանձնել էր «չկայացած ամուսնուն»: Արմեն Պետրոսյանն այժմ մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, գողության դրդելու եւ հանցանքի մեջ ներգրավելու համար: