Կոնսերվատորիան ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում  (ԵՊԿ) տեղի ունեցով գիտխորհրդի նիստ, որի ընթացքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին հանձնեցին  ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշեց, որ հավատարմագրում ստանալը բուհի համար  որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն հայտնեց, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի  իրագործման արդյունքում,  հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով  ու հաղթահարված մարտահրավերներով:

Պարոն Թոփչյանը նշեց նաև, որ տարբեր ժամկետներով շնորհված հավատարմագրումները չպետք է ընդունել որպես այս կամ այն հաստատության  առավելության գնահատական. «Չորս տարվա ժամկետը իրականում երկու երկամյա փուլեր են. երկու տարի հետո բուհը ներկայացնելու է ներքին ինքնագնահատման արդյունքները, իսկ ժամկետի ավարտին մասնակցելու է հավատարմագրման նոր շրջափուլի»:

ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը, կարևորելով հավատարմագրում ստանալու հանգամանքը, նշեց, որ շուրջ երեք տարի ծավալուն աշխատանքներ են իրականացրել և երկար ճանապարհ են անցել նպատակին հասնելու համար:

«Ինքներս ենք շահագրգռված արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ»,- ասաց Շահինյանը:  ԵՊԿ ռեկտորը նաև ՈԱԱԿ-ին շնորհակալություն հայտնեց բուհին ցուցաբերած աջակցության և խորհրդատվությունների համար:

Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի  ապրիլի 11-ի որոշմամբ  ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:




Լրահոս