Ապօրինություն` անգամ որոշումն ընդունելու տեխնիկական գործընթացում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրավիրված նիստում հաստատեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր՝ բարձրացված սակագինը, ըստ որի, սպառողները այս տարվա օգոստոսի 1-ից հոսանքի 1 կՎտ/ժ-ի դիմաց պետք է վճարեն 48,78 դրամ, ներկայիս 41,85-ի փոխարեն: Սակայն հանձնաժողովը որոշումը հաստատելու տեխնիկական գործընթացն անգամ չկարողացավ առանց ապօրինության իրականացնել:

Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն մեկ քվեարկությամբ միանգամից երկու որոշում հաստատեց: Մեկը հոսանք արտադրող կայանների առաքած էլէներգիայի սակագինը հաստատելու մասին էր, մյուսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր սակագները սահմանելու վերաբերյալ: Մինչդեռ օրենսդրությունն այս հանձնաժողովին նման իրավունք չի տալիս, եւ նրանք պարտավոր էին որոշումներն առանձին-առանձին դնել քվեարկության: Բայց քանի որ շտապում էին վաղուց կանխորոշված գործընթացը որքան հնարավոր է շուտ ավարտել, որոշումներն էլ փաթեթով էին կայացնում՝ հաշվի չառնելով, թե օրենսդրությամբ ինչ է նախատեսված:

Ի դեպ, ինչպես եւ սպասվում էր՝ ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ  ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որեւէ մեկը: ՀԷՑ-ի տնօրինությունը երեկ առավոտյան գրություն էր ուղարկել, որով ՀԾԿՀ-ին տեղեկացրել էր, որ նախորդ օրը Ռոբերտ Նազարյանին ուղարկած նամակն ընդունեն իբրեւ իրենց պաշտոնական տեսակետ: Մեր թերթի երեկվա համարում այդ նամակը տպագրել էինք ամբողջությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս