Այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարց ուղղելից անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախ նշեց, թե զարմացած է, որ կառավարությունը «էս նեղ մաջալին» գնում է մի շարք ապրանքների ակցիզների դրույքաչափի բարձրացման:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում «Ակցիզների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերին:
«Էս ո՞նց է լինելու, մենք ինչ-որ վերլուծություններ ունե՞նք, թե սա ինչ ազդեցություն կունենա տեղական շուկայի վրա: Տեղական արտադրողները, հնարավոր է, փակեն իրենց ձեռնարկությունները: Դիզվառելիքը, Դուք ասում եք 6 դրամ, բայց հնարավո՞ր է՝ գա հին գնին՝ բարձրանալով` 15 դրամով»,-հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախագծի ազդեցության խորը վերլուծություն է կատարվել: «Որպեսզի մենք պաշտպանենք տեղական արտադրողին, կառավարության առաջարկը վերաբերում է ոչ միայն նվազագույն չափը բարձրացնելուն, այլև արժեքային չափը բարձրացնելուն, և դա պայմանավորված է նրանով, որ Հայաստան ներմուծվող օղին ավելի թանկ է, քան ՀՀ-ում արտադրվողը, և եթե Կառավարությունը միայն սպեցիֆիկ դրույքաչափերը բարձրացներ, ապա, այո, հիմք կարող էր լինել, բայց երբ կառավարությունը միաժամանակ բարձրացնում է ակցիզների և՛ սպեցիֆիկ , և՛ արժեքային դրույքաչափերը, ապա, բնականաբար, մենք տեղական արտադրողին դնում ենք ավելի շահեկան վիճակում», – վստահեցրեց Միրումյանը: