Ինչո՞ւ Բիբինն արհամարհեց հայ ժողովրդին և ներկա չգտնվեց հանձնաժողովի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման անդամները շարունակելու են իրենց պայքարն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարեն և ժողովրդի համար ապրելու նպաստավոր պայմաններ չստեղծեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին շարժման անդամները:

Ժողովրդական շարժման անդամ Աշոտ Պողոսյանի գնահատմամբ, էլեկտրաէներգիայի թանկացումը նպաստելու է ոչ միայն ժողովրդի կենսամակարդակի ցածրացմանը, այլև երկրում մի շարք նեգատիվ երևույթների՝ հանցագործությունների, գողությունների առաջացմանը: Նրա դիտարկմամբ, հանձնաժողովի որոշմանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի ներկա չգտնվելն արհամարհանք էր` ուղղված հայ ժողովրդին:

«Ես` որպես ՀՀ քաղաքացի, դիմելու եմ ռուսական իշխանություններին այն հարցադրումով, թե ինչո՞ւ Բիբինն արհամարհեց և ներկա չգտնվեց հանձնաժողովին»,- հայտարարեց Պողոսյանը:

«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման նախագահ Արմենուհի Ղազարյանն էլ իր հերթին անդրադառնալով Եվգենի Բիբինի հանձնաժողովին ներկա չգտնվելուն` նշեց, որ եթե մեր երկրի իշխանությունը թքած ունի իր ժողովրդի վրա, ապա ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ օտար երկրի ներկայացուցիչներից:

Նա ազգաբնակչությանը հորդորեց համախմբվել և պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:

«Մեր երկիրը վտանգի առջև է կանգնած: Ես մեր ազգաբնակչությանը խնդրում եմ՝ ոտքի կանգնել, համախմբվել և պայքարել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Եթե երկրի իշխանությունները չեն կարող ժողովրդի համար ստեղծել բարեկեցիկ կյանք, ապա մենք կստիպենք նրանց հեռանալ»,- իր խոսքում նշեց Արմենուհի Ղազարյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս