Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:
Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի շարունակվում է վարչական շրջանի 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի տարածքի հիմնովին բարեկարգումը: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող տարածքը փուլ առ փուլ բարեկարգվում և նոր տեսքով ու հարմարավետությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը: Ծրագրով համալիրի երկրորդ հատվածում ևս բարեկարգումից հետո կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կիրականացվեն կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ: Հանգստի գոտին ապահովված կլինի նաև գիշերային լուսավորությամբ: Բնակիչների հետ միասին ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ բարեկարգման ծրագիրը 2016թ.-ին ևս կունենա շարունակություն, որի շնորհիվ կասկադատիպ համալիրը կամբողջանա: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր:
Նոր Նորքի Շոպրոնի 4 շենքի բակում բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Կառուցված նոր բակի հանդիսավոր բացումը շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին է կատարել: Քաղաքապետը շրջել է բակում, գնահատել կատարված աշխատանքն ու զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած այս տարածքը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներ ունեցող հանգստի հարմարվետ գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում ևս բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետն այցելել է նաև Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ մշակութային օջախն ամբողջովին նորոգված և հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 750 սաների առջև: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ հիմնանորոգումից հետո այս կառույցն արդեն լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին: Ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին: Օգտվելով առիթից՝ Արմեն Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի կողմից ինստիտուտին նվիրաբերված նստարանների և աղբամանների համար՝ նշելով, որ դրանք իսկապես անհրաժեշտություն էին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես աջակցել ռազմական կրթօջախին: