«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը՝ հայկական ջազի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արվեստի վաստակավոր գործիչ, թմբկահար, ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, ս.թ. հունիսի 17-ին «Retro Music Club» ակումբում ջազի սիրահարներին  ներկայացրեց իր հեղինակած «Джаз в Армении» («Ջազը Հայաստանում») գիրքը, որի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ:

«Անտարես» հրատարակչության կողմից տպագրված ռուսալեզու գիրքն իր բովանդակությամբ ունի ուսուցողական, ճանաչողական, տեղեկատվական, կարելի է ասել հանրագիտարանային ձևաչափ, քանի որ այնտեղ ներկայացվում է ինչպես ընդհանրապես ջազի ծագման ու զարգացման պատմությունը, այնպես էլ հայկական ջազը՝ իր յուրահատկություններով և 57 հայտնի հայ երաժիշտների ստեղծագործական դիմանկարներով:

400 օրինակ տպաքանակով լույս տեսած, 11 գլուխներից բաղկացած գիրքն ունի նաև գիտական արժեք. Արմեն Թութունջյանը 2013 թվականին «Ջազը Հայաստանում» գրքի հիման վրա պաշտպանել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համանուն թեմայով իր ատենախոսությունը:

Հայկական ջազի ակունքներում կանգնած երաժիշտը գրքի շնորհանդեսի ընթացքում կիսվեց գրքի ստեղծման նախապատմությամբ, կարճամետրաժ ֆիլմի տեսքով ներկայացրեց գրքի բովանդակությունը և անվանապես իր շնորհակալությունը հայտնեց բոլոր աջակիցներին, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ, ովքեր իր կողքին են եղել սկսած գործն ավարտին հասցնելու համար:

Ջազ երեկոն անցավ ջազային՝ անմիջական, ազատ ու տպավորիչ:




Լրահոս