Հո «одинокий волк» չի, ջոկատներով են կռվել. Մանվել Գրիգորյանը` Շուշան Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Նախագծի հիմնական զեկուցողը Պաշպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն էր:

Նա հայտնեց, որ օրենքով նախատեսվում է ԵԿՄ կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը։ «Խնդիրը կայանում է նրանում, որ ԵԿՄ կարգավիճակ ստանալու համար դիմումները պետական լիազոր մարմնին պետք է հանձնվեին ստեղծված մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից՝ մեկ տարվա ընթացքում, իսկ նշված հանձնաժողովը ստեղծվել է կառավարության կողմից 2014 թվականին», – նշեց նա։

Փոխնախարարին հարցեր ուղղելու ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշեց, թե անձամբ ճանաչում է անձանց, ովքեր ազատամարտիկ են, սակայն չեն ընդգրկվել ԵԿՄ կազմում։

«Կան մարդիկ, ովքեր փաստացի ապացույց չունեն, սակայն կան ընկերներ, ովքեր կարող են վկայել, որ նրանք նույն ջոկատում են եղել: Ինչպե՞ս կարգավորել այս հարցը»,- հետաքրքրվեց նա: Արա Նազարյանը հայտնեց, որ կա մինչգերատեսչական հանձնաժողով, որի անդամներն իրենց վկայություններով փաստում են տվյալ անձանց մասնակցությունը: Նա նշեց, թե այդ հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, իսկ կազմում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Շուշան Պետրոսյանը ընդգծեց, թե պատերազմ անցած հայ տղամարդու համար պատվաբեր չէ ինչ-որ բան ապացուցել։  «Հո «одинокий волк» չի, ջոկատներով են կռվել, ընկերներով ենք գնացել»,- պատգամավորի խոսքին միջամտեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:  Շուշան Պետրոսյանն էլ պարզաբանեց, թե խոսքը «одинокий волк»-ի մասին չէ, այլ նկատի ունի, որ կան մարդիկ, ում ընկերներն այլևս չկան:




Լրահոս