Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշենք, որ այս փոփոխությամբ առաջարկվում է «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունենալիս նշեց, թե այս կերպ կառավարությունը ցանկանում է հնարավորություններ ստեղծել` հետագայում պարտքեր վերցնելու համար: Նա իր ելույթում թվարկեց վերցված բոլոր վարկերը` Հյուսիս-հարավ ծրագրի համար` 150 միլիոն դոլար, «Որոտան»-ի պարտք՝ 45 միլիոն դոլար, ատոմակայանի վարկ` 270 միլիոն դոլար, էլցանցի վարկեր՝ 10 միլիոն դոլար, քաղաքի լուսավորության համար` 4 միլիոն դոլար, գյուղատնտեսական վարկեր և այլն: Արամ Մանուկյանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, երկու տարի հետո Հայաստանի պարտքը կկազմի 7 մլրդ դոլար:
«Վարկ վերցնելը վատ բան չէ, բայց անհամադրելի է: Բայց պարտքը վերցնում եք` ձեր համակարգը պահելու համար, դուք չեք բերել վարկ, որը աշխատատեղ ա ստեղծում», – նշեց նա` հավելելով, որ այսօր մեկ շնչին ընկնող պարտքը Հայաստանում կազմում է 2000 դոլար: