Նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին` մոտ 145 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ` “Մայքրոսոֆթի” կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար “արժանանում” տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ “Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան”, – ասել է վարչապետը։ – “Երիտասարդների մեկ այլ ծրագիրն էլ նախատեսված է գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի ներկայացմանը”, – շարունակել է Տիգրան Սարգսյանը։ – Գյուղացիները կարող են նման տեղեկություն ստանալ հեռախոսով, հանգամանք, որը մեծացնում է վաճառքի կազմակերպման հնարավորությունը”։ Վարչապետը ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կապվել “Մայքրոսոֆթի” կենտրոնի Start up բիզնեսի ծրագրի ղեկավարի հետ և քննարկել մշակված ծրագրերի օգտագործման հնարավորությունը։
Երթեվեկության կանոնների պահպանումը կվերահսկի ավտոմատ համակարգը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ