ԲԱՐԵԳՈՐԾԻ ԿԵՐՊԱՐԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավելի, քան երբեւիցե քաղաքական դաշտի բարոյազրկումը խայտառակ կերպարանք է ընդունել, որի փայլուն դրսեւորումն է այն ծիծաղելի իրավիճակը, երբ ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման կիզակետում հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման հարցը:
Վերջին 10 տարիների ընթացքում հանկարծակի քաղաքական, գործարար եւ հասարակական կյանքում հայտնված Գ. Ծառուկյանն այսօր իր վրա է բեւեռել քաղաքական հանգուցալուծման բոլոր հարցերը: Մի՞թե որեւէ ազգ, որը դեռեւս իր ազգային պայքարն ավարտին չի հասցրել, կարող է իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է ազգի գոյապայքարի եւ պետականության կերտման եւ զարգացման հետ ոչ մի առնչություն չունեցող որեւէ մեկի հետ կապել երկրի ղեկավարի ընտրության հարցը: Մի՞թե կարելի է նման միջազգային քաղաքական իրավիճակում թույլատրել հանդես գալ մեկին, որն ազգի համար բախտորոշ ժամանակահատվածում լքել է երկիրը եւ թաքնվել արտերկրում:
Պատկերացնենք, որ Իսրայելում որեւէ մեկը նկրտում ունի դառնալ երկրի ղեկավար, այն դեպքում, երբ նա արաբա-իսրայելական հակամարտությունների ժամանակ լքել է երկիրը եւ պատսպարվել բարեկեցիկ երկրում: Նա կմերժվի ոչ միայն քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից,  այլեւ՝  ժողովրդի:
Թող ոչ ոք չասի, որ բոլորն են պաշտպանել երկիրը, ճիշտ չէ: Անգամ նրանք, ովքեր մայրաքաղաքում  ու մարզերում հաց են թխել ու մոմի լույսի տակ սերունդ կրթել, բուժել վիրավոր զինվորին ու ոգեւորել, նրանք հերոսներ են եւ արժանավոր հայորդիներ: Սակայն այդ արժանավոր հայորդիների մեջ ես չեմ տեսել Գ. Ծառուկյանին, եւ ոչ ոք չի տեսել: Ես չեմ վստահում այն մարդուն, որը վճռական պահին լքել է իր ժողովրդին ու պետությանը, իսկ այսօր փորձում է վճռական դերակատարում ստանձնել նույն երկրում:
Երկար ժամանակ ուսումնասիրելով Գ. Ծառուկյանի հասարակական-քաղաքական երեւույթը՝ եկել եմ այն եզրակացության, որ պատմական անհայտությունից նա հանկարծակի հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական-կախարդական փայտիկի մեկ հարվածով եւ պետք է ծառայեր իր նվազ նպատակին՝ ստեղծելով քաղաքական պայքարի վարագույրը, իսկ այդ վարագույրի հետեւում բարելավեր իր գործարար հնարավորությունները:
Իհարկե, նա կարողացավ այն ժամանակահատվածում պետության եւ ժողովրդի հաշվին հարստանալ, սակայն որպես քաղաքական երեւույթ՝ այն արժե նույնքան, որքան թույլատրված է իշխանության կողմից: Հաճախ են հնչում կարծիքներ, որ նա բարերար է եւ իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր:
Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա բարեգործությունն ու գործարարությունն ազգակործան են ու չարիք մեր երկրի համար:
Ես համոզված եմ, որ կուսումնասիրվեն այդ բարեգործության հասցեները եւ երկրին ու ժողովրդին հասցված վնասի չափը, եւ համոզված եմ նաեւ, որ Գ. Ծառուկյանի գործունեությունը կհամարվի անվերահսկելի ու ապազգային:
Ես հավատում եմ հայ ժողովրդի հավաքական իմաստությանը եւ կարծում, որ լուծումները կլինեն պատմական հրամայականին համահունչ:

Պատմաբան, հասարակագետ, պահեստի գնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս