Նախօրեին տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով եւ պրոդյուսերությամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Armlur.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը նշեց, որ ֆիլմը ստեղծվել է հիմնականում ականատեսների վակայությունների հիման վրա: Նրա խոսքով` ինքը նպատակ է ունեցել աշխարհին ցույց տալ, թե ովքեր են եղել հայերը մեկ դար առաջ, եւ թե ինչպես են թուրքերն առանց պատճառի կոտորել նրանց:
Մեր այն հարցին, թե արդյոք Հակոբ Հակոբյանը ֆիլմը ստեղծելիս խորհրդակցել է պատմաբանների, թուրքագետների, ոլորտի մասնագետների հետ, նախկին պատգամավորը նշեց, որ ինքն այժմ էլ պատրաստ է լսել ցանկացած քննադատություն.
Հակոբ Հակոբյանը ֆիլմը միջազգային ասպարեզ հանելու կոնկրետ ծրագիր չունի, բայց ունի ցանկություն: Հակոբ Հակոբյանը խոստովանեց, որ ամիսներ առաջ որոշ մարդիկ ցանկացել են իրենից գնել ֆիլմը` չցուցադրելու համար: Նրա խոսքով` իր հետ բանակցողները հայեր էին, սակայն ֆիլմը գնում էին թուրքերի համար:
Ինչպես արդեն հայտնի է, «Հիշողություն» ֆիլմում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ, ինչպես, օրինակ՝ Արա Դեղտրիկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ղամբարյանը, Հովակ Գալոյանը եւ այլք: Դերասաններից, սակայն, ոչ բոլորն էին ներկա ֆիլմի պրեմիերային: Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Փիլոյանը, ով եւս խաղացել է ֆիլմում, մեզ հետ զրույցում անդրադառնալով ֆիլմի հասցեին հնչած քննադատություններին, կարծիք հայտնեց, որ ինչ-որ բան անելը չաշխատելուց լավ է:
Թուրքի դերակատար, ֆիլմի դաժան տեսարաններում ընդգրկված դերասան Սարգիս Թաշչյանն էլ նշեց, որ ինքը փորձել է իր խաղի միջոցով ցոյց տալ թուրքերի սրիկայական հատկությունները:
Ինչպես հայտնի է, ֆիլմում հնչող երաժշտության հեղինակը երգահան Արա Գեւորգյանն է: Նա խոստովանեց, որ ֆիլմի երաժշտությունը կարող էր ավելի լավը լինել: Այնուամենայնիվ, այն, նրա խոսքով համահունչ է թեմային եւ «լալկան» չէ: Ի դեպ, «Հիշողություն» ֆիլմը հունիսի 20-ից կցուցադրվի Երեւանի որոշ կինոթատրոններում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում