ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Բերդ քաղաքում

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է: Սա այն ջահն է, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել` Քարավաճառում, Վարդենիսում, ապա Բերդում: Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորել են համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը: Համահայկական խաղերի ջահի ընդունման առիթով Բերդում կազմակերպվել է բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում են ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից եւ այլ մարզերից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ազատվել հողի հարկից:

Գագիկ Եղոյան (48 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի. բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած 2 տարվա ընթացքում. գ) սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում. դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը. ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը. զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը՝ դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում. է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի. ը) փոստային կապի ազգային օպերատորը. թ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը. թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Սուրբ Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: ժ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք այդ հողամասերի համար:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրեթե բոլոր քաղաքացիները կագնած են հարկեր վճարելու պարտավորության առջեւ, բայց օրենքը որոշ դեպքերում նախատեսում է հարկային պարտավորություններից ազատման բացառություններ:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Մարինե Սալմանյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ.
-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական եւ այլն).
-անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով՝ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցված ամուսնությունների թիվը կազմում է 9 հզ. 566, ինչը 744-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մայրաքաղաքում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 3 հզ. 299 ամուսնություն:




Լրահոս