ԹԱՆԱՀԱՏՈՒՄ 12 ՏԱՐԻ ԱՌԱՋ Է ԵՐԵԽԱ ԾՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Թանահատ գյուղում նորածին երեխայի ճիչ լսվել է մոտ 12 տարի առաջ: Թանահատցիներն առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում են ապրում եւ մի կերպ կարողանում կոմունալ վարձերը վճարել, հիմա էլ էլէներգիայի թանկացման արդյունքում կանգնելու են նոր խնդրի առաջ: Գյուղի խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, քանի՞ բնակիչ ունի Թանահատը:
-Այս պահին գյուղում ապրում է 22 բնակիչ: Ծերացող ընտանիքներն են միայն գյուղում: Պատկերացրեք, որ վերջին անգամ գյուղում երեխա ծնվել է մոտ 12 տարի առաջ: Այստեղ ամեն ինչ բարդ է: Ժամանակին բոլոր պետական ատյաններին դիմեցինք՝ դպրոց բացելու խնդրանքով, բոլոր հարմարություններն ունեինք, բայց ոչ ոք չընդառաջեց: Եւ դպրոց չունենալը մեր գյուղի համար ճակատագրական եղավ: Գյուղում եթե դպրոց չլինի, այդտեղ երեխա կծնվի՞: Ով խելոք է, գնում է ու լավ տեղերում բնակություն հաստատում:
-Ինչո՞վ են զբաղվում թանահատցիները:
-Անասնապահությամբ, հողագործությամբ: Տնամերձ հողեր ունեն, դրանց մշակությամբ են զբաղվում: Մեր գյուղը շատ տխուր գյուղ է, խնդրում եմ հանկարծ չայցելեք:
-Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն գյուղացիները:
-Թանահատցին կարողանում է գոնե մի քիչ գումար աշխատել ուշ աշնանը, երբ անասուն է մորթում կամ կարտոֆիլ վաճառում: Իսկ թե ընթացքում նա ինչպես է կարողանում կոմունալ վարձերը փակել, դա այլ հարց է: Մարդիկ ոնց են գլուխ հանում այդ ամիսներին, զարմանալի է: Եթե մի տուն թոշակառու կամ նպաստառու ունի, ուրեմն այդ ընտանիքը երջանիկներից է կամ հրաշք, ապահով ընտանիք է: Դե, թոշակով հիմնականում մարդիկ կոմունալ՝ ջրի եւ էլէներգիայի վարձերն են վճարում:
-Ինչպես գիտեք` օգոստոսի 1-ից էլեկտրաէնեգիան 7 դրամով (16 տոկոսով) կթանկանա: Այս նորությունն ինչպե՞ս ընդունեցին գյուղացիները:
-Լավ բան չեն մտածում: Քո կարծիքով ինչպե՞ս պետք է ընդունվի այս նորությունը: Գիտեք՝ ներկայիս պահին գյուղացին մտածում է միայն անասնակեր ու իր համար վառելիք հավաքելու մասին, որպեսզի ձմռանը ինքը տաք տեղ ունենա, իսկ անասունն էլ սոված չմնա: Ինքը ժամանակ չունի այլ հարցերով զբաղվելու:
-Իսկ գյուղում շատե՞րն են մեծ քանակությամբ էլէներգիա սպառում:
-Հիմնականում էլէներգիայով կաթի մշակում են կատարում: Ճիշտ է՝ այս սեզոնին հոգնած են լինում ու չեն կարողանում հեռուստացույց նայել, բայց, միեւնույն է, ամսական մեծ քանակությամբ էլէներգիա են ծախսում: Այնպես որ, լավ բան չկա ասելու:
-Գյուղացիներն արդեն հաշտվե՞լ են էլէներգիայի առաջիկա թանկացման հետ:
-Երեւի շատերը չգիտեն էլ այդ մասին: Ժամանակ չունեն հեռուստացույց նայեն, հոգնած են լինում: Բայց եթե գյուղի փողոցներով քայլեք ու տեսնեք երկու հոգու կանգնած զրուցելիս, ուրեմն այդ թեմայով են խոսում: Բայց, եթե մեր Կառավարությունն ասում է՝ այդպես ենք որոշել, մարդիկ էլ այդ հոգեբանությամբ են ապրում:
-Գազաֆիկացվա՞ծ է գյուղը:
-Ո՛չ: Երեւի այն միակ բախտավորներից ենք, որ գազ չունենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի հանգեցնի ոռոգման ջրի թանկացման: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին: «Ես հիմա հստակ հայտարարում եմ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոռոգման ջրի թանկացման չի հանգեցնելու: Ոռոգման ջրի թանկացում չի լինելու»,֊ նշեց Հարությունյանը: Նա նաեւ ընդգծեց, որ հանրապետությունում սկսվել է ոռոգման թեժ շրջանը, եւ հավաստիացրեց, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն ամեն ինչ անելու է, որպեսզի պատշաճ ջրամատակարարում ապահովի հատկապես ոռոգման ոլորտում:

 

985 ՄԼՆ ԴՐԱՄ
Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր շենքի կահավորման համար Կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 985 մլն դրամ: Այդ մասին Կառավարության երեկվա նիստում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վարչապետը հետաքրքվել է, թե երբ նախարարությունները կտեղափոխվեն նշված շենք, ինչին ի պատասխան՝ քաղշին նախարարն ասել է. «Նախարարությունների տեղափոխումը կլինի հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ շենքը կկահավորվի սեպտեմբերինե»:

 

ԲԱՐԿԱՑԱՎ
Երեկ Կառավարության նիստի ընթացքում արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշվի նախագիծը: Փաստաթղթի վերաբերյալ առարկություններ ուներ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Պարո՛ն վարչապետ, ես զարմացած եմ, որ մենք նորից գալիս ենք այն քննարկմանը, որը արդեն եղել է. խոսքը կանանց եւ տղամարդկանց սեռը գենդերով փոխարինելու անընդհատ ջանքերն են օրենսդրական նախաձեռնություններում, հետո ենթաօրենսդրական դաշտում: Հիմնավորումը ուղղակի սպանում է, գրված է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ մեկնաբանություն, որը պետք է ուղղել, այնինչ գենդեր բառը կա բոլոր բառարաններում, դա սոցիալական սեռի ձեռքբերովի ընկալումն է, ոչ թե տղամարդկանց ու կանանց հավասարությունը, ինչո՞ւ ենք վերադառնում մի թեմայի, որը հասարակության մեջ վատ է ընդունվում: Եթե ուզում ենք՝ տղամարդկանց ու կանանց մեջ հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ինչո՞ւ ենք մտցնում գենդեր բառը: Այս անգամ պետք է խմբագրենք», – նշեց Սարգսյանը: Սերգեյ Մանասարյանն էլ պարզաբանեց, որ նախօրեին այս հարցի շուրջ քննարկումներ արվել են, պարզապես սպասում էին Կառավարության նիստում հնչելիք արձագանքին: Սրան ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը տարակուսեց. «Բայց ինչո՞ւ Կառավարության նիստի ժամանակ պետք է աձագանքը հնչի, այ, ես դա չեմ հասկանում, էլի: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»:




Լրահոս