Ժողովուրդը մենակ է մնացել. Լալա Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառը  մեր երկրի իշխանության պակասի արդյունքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման բնորոշում տվեց ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով` քաղաքացիական ընդվզումը միանշանակ արդարացի է, սակայն հաղթանակի հասնելու համար պետք է հստակ ծրագիր մշակել՝ հնարավորինս բանակցությունների ճանապարհով այս խնդիրը լուծել. «Ցուցարարների կողմից ընտրված էր ամենահեշտ ճանապարհը: Արդյունքն այսպիսին պետք է լիներ, ինչպիսին եղավ: Միշտ էլ այսպես է եղել՝ ծեծվել, բերման են ենթարկվել՝  ոչ մի արդյունքի չհասնելով»:

Թատրոնի ղեկավարն առաջարկում է սկսել դատական պրոցես ՀԷՑ-ի նկատմամբ և բոլոր մեղավորներին պատժել՝ անկախ նրանից, թե նրանք որ երկրի քաղաքացիներ են։

Դերասանուհի Լալա Մնացականյանը ևս համաձայն է պայքարը օրինական դաշտ տեղափոխելուն. «Կարծում եմ, որ պետք է օրենքի դաշտ մտնել ու պատժել մեղավորներին: Պետք է սկսել և մինչև վերջ գնալ, անկախ նրանից, թե վերջում ինչ արդյունքի կհասնենք»։

Դերասանուհու դիտարկմամբ, ժողովուրդը մենակ է մնացել, կողքին կանգնող չունի:

«Եթե ժողովուրդը գնում է նման քայլերի, ուրեմն` մենակ է մնացել: Մեր իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ այդքան մարդ դուրս է եկել նաև ձեր երեխաներին պաշտպանելու, և  դրա համար նրան պատժում ես»:

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքներին՝  դեռասանուհին ասաց, որ արել են այն, ինչ իրենց հրամայված էր:

«Ոչ մի երկրում չեք տեսնի, որ ոստիկաններն իրենց հրամանները չկատարեն: Միայն հեքիաթային ֆիլմերում կարող ենք տեսնել նման բան»,- իր խոսքում նշեց դերասանուհին:

Արփինե Թովմասյան




Լրահոս