«Ցլի դեմքով ոստիկանի տրամաբանությունը՝ եթե փախչում եք, ուրեմն՝ վատ բան եք արել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշերը Երևանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված լրագրողները վստահ են, որ պետք է բռնության ենթարկված բոլոր լրագրողները հաղորդում տան հանցագործության մասին:

Այսօր նշված լրագրողները ներկայացրին էլէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի ժամանակ իրենց կողմից արձանագրված ոստիկանների անօրինական քայլերն ու իրենց նկատմամբ կիրառված բռնության փաստերը:

«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն արձանագրել է՝ ինչպես են քաղաքացիական համազգեստով 10 անձ մի քաղաքացու դեմքի ուղղությամբ պառկեցնում գետնին և հարվածում: Լրագրողի փոխանցմամբ, երբ իրենք փորձել են խուսափել ոստիկանների հետ անցանկալի հանդիպումից և վազել են հակառակ ուղղությամբ, ոստիկաններից մեկը հետապնդել է իրենց. «Ցլի հայացքով մի ոստիկան վազում էր մեր հետևից: Երբ տեսանք, որ հնարավոր չէ նրանից խուսափել, հարցրի՝ ինչպես է անունը, ասաց՝ Գագո: Ասացի՝ Գագո ջան, ինչո՞ւ ես վազում մեր հետևից, ասում է՝ եթե փախչում եք, ուրեմն՝ մի վատ բան արած կլինեք: Եվ ես այդպես էլ չկարողացա հասկանալ ոստիկանի տրամաբանությունը»:

Լրագրողի խորին համոզմամբ, ինքը մի քանի ժամվա ընթացքում իրավապահների կողմից տեսել է քայլեր, որոնք որևէ կերպ չեն կարող տեղավորվել օրենքի սահմաններում: Ավելին, նա հայտնեց, որ ոստիկանական մեքենայում, որով իրենց տեղափոխել են Շենգավիթի բաժին, սպառնալիքներ են հնչեցվել այնտեղ գտնվող լրագրողների հասցեին: Ոստիկաններն ասել են. «Շատ եք խոսում, կարողա՞ ուզում եք ոտքերդ ցավա» և նմանատիպ այլ արտահայտություններ. «Իմ շատ այլ գործընկերներ ևս բռնության են ենթարկվել, շատերին խոչընդոտել են մասնագիտական գործունեություն իրականացնել: Ինձ հետ էին նաև «Արմենիա»-ի և 1in.am-ի լրագրողները, որոնք բռնության են ենթարկվել: Ես ներողություն եմ խնդրում, որ առանց նրանց համաձայնության պետք է հրապարակեմ տեղի ունեցածը, սակայն պարտավոր եմ: «Արմենիա»-ի լրագրողի ձեռքն էր վնասվել, ինչպես նաև ամբողջությամբ ջարդվել է նրանց նկարահանող տեխնիկան, իսկ 1in.am-ի լրագրողի լրագրողական վկայականը պատռեցին և դեն նետեցին»:

Ի դեպ, Անի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ իրենց Կենտրոնի բաժնից տեղափոխել են Շահումյանի բաժին, որտեղ իմանալով, որ լրագրող են՝ բաժնի պետն ասել է. «Եթե լրագրող եք, կարող եք գնալ»: Լրագրողի խոսքով, ինքը դիմելու է դատարան, սակայն պարզապես դիմելու համար, քանի որ որևէ հույս չունի, թե գործին ընթացք կտրվի. «Դիմելու եմ, որպեսզի դատավորներն աշխատելու բան ունենան»,- ասաց Անի Հովհաննիսյանը:

Բռնության ենթարկված լրագրողները նշեցին, որ երեկ որևէ կերպ իրավապահները նշանակություն չեն տվել իրենց լրագրողական վկայականներին: Այսինքն՝ լրագրողը որևէ փաստ, ըստ երևույթին, չի ունեցել, որ լուսաբանում է տեղի ունեցածը, և որ դրան որևէ կերպ չպետք է խոչընդոտել:

Ներկա էր նաև փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ով հայտնեց, որ ինքը հանդիսանում է բերման ենթարկված Հովհաննես Իշխանյանի շահերի պաշտպանը: Ռոբերտ Ռևազյանի գնահատմամբ, որ տեղի ունեցածը միանշանակ հանցագործություն է, անօրինական բռնության քաղաքացիների նկատմամբ: Փաստաբանի խոսքով, պետք է հաղորդում ներկայացվի հանցագործության մասին, իսկ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունի. «Ես առավոտյան ժամը 09:00-ից գտնվել եմ ոստիկանության Շենգավիթի բաժնում, փորձել եմ հանդիպել վստահորդիս, սակայն անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ էին բերվում, իբր ճշտումներ են արվում ու արգելում հանդիպել: Հետո ես տեսա՝ ինչպես են ինչ-որ տեղ տանում Հովհաննես Իշխանյանին: Հարցիս՝ ուր և ինչու են տանում, պատասխանեցին, թե փորձաքննության: Ես նրանց բացատրեցի, որ առանց պաշտպանի ներկայության իրավունք չունեն փորձաքննության իրականացնել, հայտնեցի, որ նրա փաստաբանն եմ, ասացի, որ արձանագրեն, սակայն՝ ապարդյուն: Հետո պարզվեց, որ վստահորդս վկայի կարգավիճակ ունի, ինչի մասին անգամ նա չի իմացել: Իսկ մինչ այդ ասել էին, թե կասկածյալ է: Ես ոստիկաններին հարցնում եմ՝ ինչ գործի շրջանակներում են փորձաքննություն իրականացնում՝ վարչակա՞ն, թե՞ քրեական: Պատասխանեցին, թե փորձաքննությունը ցույց կտա: Ու նրանց բացատրեցի, որ եթե քրեական գործ է, պետք է քննչական կոմիտեն իրականացնի այդ բոլոր գործողությունները: Եվ պետի ներկայությամբ վիճաբանություն սկսվեց»:

Ռ. Ռևազյանը հայտնեց նաև, որ երբ ցանկացել են դուրս գալ, նրանց հետ են կանչել, ասել, թե ինչ-որ բան են մոռացել և ի վստահորդին՝ կրկին առանց որևէ բացատրության տարել են: Հետո երբ ինքը հարցրել է՝ որտեղ է Հովհաննես Իշխանյանը, նրան ասել են, որ հետնամուտքով է դուրս եկել: Հետագայում պարզվել է, որ նրան գաղտնի տարել են Ավանի նյարդահոգեբուժական կլինիկա՝ փորձաքննության. «Սրանք բացահայտ ապօրինի գործողություններ են: Մարդու կամքին հակառակ՝ փորձաքննություն չի կատարվում նրա հետ»:

Վերջում լրագրող Անի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը հասկացել է, որ իր խոսքի միակ պաշտպանն ինքն է. «Ես անհարգալից վերաբերմունք ունեմ ոստիկանության նկատմամբ՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես լրագրող»:




Լրահոս