Որտեղ է վրիպել Կայարանցի Թևոսիկը և ի՞նչ կապ ունի հայտնաբերված զենքի, թմրանյութի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին «մեծ շուքով» բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել:

Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարութին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը: Եւ, պաշտոնական տեղեկության համաձայն, բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Իսկ ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ էլ հայտնաբերվել էր շագանակագույն չորացված զանգված:

Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալանավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում:

Բայց ինչպես երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, եւ Թեւոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել. գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել: Չի բացառվում: Բայց այն, որ Երեւանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թեւոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է: Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թեւոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, եւ վերջ:

Իսկ ովքե՞ր էին զենք կրողները. արդյո՞ք հենց նրանց էին պատկանում հայտնաբերված զենքերը, որոնք կալանավորվեցին, թե՞ պարզապես նրանք «իրենց վրա վերցրին» զենքերը, որպեսզի Թեւոս Սաֆարյանն ազատ արձակվի: Սրանք հարցեր են, որ դեռ պետք է պարզի օբյեկտիվ քննությունը: Տեղեկացնենք, որ ապօրինի զենք կրելու հատկանիշներով քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում:

Ինչպես հայտնի է՝ Թեւոս Սաֆարյանին տեղափոխող «Բենթլին» պատկանում է ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանին, որը երեկ խոստովանեց, որ Թեւոսն իր բարեկամն է, որից չի կարելի հրաժարվել: Եւ ինքն իր ավտոմեքենան տվել էր Մոսկվայից Հայաստան եկած Թեւոսին՝ իր մեկ այլ ընկերոջ՝ Արծվի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: «Իրավունք չունեին 5-6 ավտոյով ման գան, խախտում են արել, դրա համար էլ բռնել են»,- փորձեց իրավիճակը թեթեւացնել Սեյրան Սարոյանը: Մինչդեռ Թեւոսին բերման էին ենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, ավելին՝ պատգամավորը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ իր վարորդ Արմեն Ղարիբյանն ապօրինի զենք եւ 5 փամփուշտ ունենալու մեղադրանքով արդեն իսկ կալանավորված էր: Արդյո՞ք Սարոյանի վարորդը պարզապես «անմեղ զոհ է» այս պատմության մեջ եւ ապօրինի զենքն «իր վրա է վերցրել», որպեսզի փրկի Սեյրան Սարոյանին (եթե զենքը նրանն է) կամ Թեւոսին (եթե զենքը վերջինիս է պատկանում): Ամեն դեպքում պատգամավոր Սարոյանը ինչ-որ բան ակնհայտորեն թաքցնում էր:

Տեղեկացնենք, որ այս գործով երկրորդ կալանավորվածը Սամբիստ Կարենն է, որը եւս զենք է ունեցել: Համենայնդեպս, պաշոնապես այդպես մատուցվեց:

Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն Թեւոս Սաֆարյանի գլխավոր դերակատարմամբ բեմադրված «մասկի շոուն» էր, այլ այն տխուր իրավիճակը, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ընկերություն ու բարեկամություն են անում քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ չամաչելով այդ մասին բարձրաձայնել: Օրեր առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշն էր գրեթե ծնկաչոք դիմավորում ԱՄՆ-ից Հայաստան եկած օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի 7-ամյա որդուն՝ ի տես բոլորի կռանալով եւ համբուրելով նրան: Երեկ էլ Սեյրան Սարոյանն էր իր ոճի մեջ հպարտանում, թե Թեւոսն իր պապենական բարեկամն է, նույն ակունքներից են սերում իրենց պապերը, եւ ինքը չէր կարող իր «Բենթլին» չտալ Թեւոսին, որպեսզի եկեղեցու բացմանը մասնակցեր:

Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անգամ ուշադրություն չի դարձնում նման երեւույթների վրա: Թեեւ մեղադրելու էլ չէ. ծերուկը հիմնականում քնած է լինում եւ ժամանակ չի ունենում ԱԺ պատգամավորի իմիջով հետաքրքրվելու:

Թամարա Միքայելյան




Լրահոս