ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱԹԻՌԻ
«Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակիչը բացարձակ ռեկորդ է սահմանել՝  ճանաչվելով աշխարհում միակ մարդը, որը մոլորակի 201 երկիր է այցելել առանց ինքնաթիռի»,-գրում է Daily Mail-ը: 33-ամյա արկածախնդիրը 4 տարի տեւած ճանապարհորդության ընթացքում օգտվել է ավտոբուսներից, գնացքներից, տաքսիներից, քայլել ոտքով: Այդ ճանապարհորդության ընթացքում նա օգտագործել է ընդամենը 100 դոլար: Բրիտանացին իր ուղեւորությունն ավարտել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում, որը դեռ գոյություն չուներ, երբ նա 2009-ի սկզբին սկսեց իր ճամփորդությունը:

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
Նիկոլաեւի շրջանային դատարանը հրապարակել է Օքսանա Մակարին բռնաբարելու եւ ողջ-ողջ այրելու մեջ մեղադրվող երեք երիտասարդի դատավճիռները: Նրանցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 15, իսկ Արտյոմ Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ նրանք բարում ծանոթացել էին 18-ամյա Օքսանայի հետ, ինչից հետո հրավիրել էին իրենց տուն: Երիտասարդները բռնաբարել էին նրան, ապա փորձել խեղդամահ անել: Կարծելով, որ մահացել է, այրել էին աղջկան եւ նետել աղբանոցը: Սակայն աղջիկը ողջ էր մնացել: Նրան հայտնաբերել էր անցորդներից մեկը: Հիվանդանոց տեղափոխվելուց շուրջ մեկ շաբաթ անց Օքսանան մահացել էր:

ՎԻՐՏՈՒԱԼ ԴՊՐՈՑ
Գերմանիային պատկանող Վադենյան ծովում գտնվող Արեւմտա-ֆրիզյան կղզիների աշակերտների համար բացվել է վիրտուալ դպրոց: Մեկուսացված կղզիների աշակերտները կմասնակցեն դասերին համացանցի միջոցով: Արդյունքում նրանք կստանան ստանդարտ ատեստատ, որն իրավունք է տալիս ուսումը շարունակել համալսարաններում: Վիրտուալ դպրոցում կդասավանդվեն այն առարկաները, որոնք այդքան էլ լավ չեն ներկայացված կղզիներում: Արտասովոր դպրոցը կգործի մինչեւ 2015թ.:

ՄԱՀԱՑԵԼ Է
59 տարեկանում սրտի կաթվածից մահացել է ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Իսրայելեւիչը: Le Monde թերթում նա աշխատել է 1984-ից: 2000-ին թողել է թերթը՝ Les Echos եւ La Tribune բիզնես պարբերականները ղեկավարելու համար: Սակայն անցած տարվա փետրվարին վերադարձել է Le Monde՝ զբաղեցնելով գլխավոր խմբագրի եւ տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս