ՀԱՐՑ. Օրեր առաջ դպրոցական դասընթացի շրջանակներում այցելեցինք «Սինոփսիս-Արմենիա» գիտահետազոտական կենտրոն: Հնարավորություն չունեցա կենտրոնում տեղեկանալ՝ ինչ նպատակով է ստեղծված այն: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ինչ գործունեություն է իրականացնում այդ ընկերությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Սինոփսիս»-ը Հայաստան է մուտք գործել 2004թ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո: Մեկ տարի անց այն գնել է «Էյջ-փի-էլ-էյ» ընկերությունը, իսկ 2007-ին կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական-ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման-կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: «Սինոփսիս»-ը համագործակցում է ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ ռուս-հայկական պետական համալսարանի հետ: ՀՊՃՀ-ն նրա սկզբնական եւ ամենաուժեղ գործընկերն է, որի 35 շրջանավարտները ներկայում «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցներն են: «Սինոփսիս»-ը նաեւ կրթաթոշակներ է հատկացնում էլեկտրատեխնիկայի ոլորտի ուսանողներին:
«Սինոփսիս Արմենիա»-ն երկրի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: 2005թ. «Սինոփսիս»-ը Հայաստանում հիմնել է «Սինոփսիսը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որը ֆինանսավորում է սոցիալական-կրթական բազմաթիվ ծրագրեր:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր գիտական միտքը չի գնահատվում: Այսօր մեր երկրում ամենաաղքատ խավը գիտնականն է, թերեւս նաեւ այն պատճառով, որ գիտությունից բացի, այլ աշխատանքով չի կարող զբաղվել: Ինչ վերաբերում է տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներին, թեեւ այն գրեթե տասը տարի հայտարարված է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ, սակայն տեսանելի դրական առաջընթացը բացակայում է: